Եթե Հայաստանի իշխանությունները չէին սպասում, որ հումանիտար բեռները Ադրբեջանը թույլ չի տա հասցնել Արցախ, ուրեմն իրենք շատ վատ վերլուծաբաններ են, կամ իրենք այլ խաղ են խաղում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ իշխանության համար սա, իհարկե, սպասելի քայլ էր. «Եթե Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ինքը Բրյուսելում ներկա է եղել, երբ Աղդամի ճանապարհի հարցը քննարկվել է Միշելի եւ Ալիեւի միջեւ, եւ ինքը չի մասնակցել դրան, դա նշանակում է, որ ինքը ձեռքերը լվացել է: Ադրբեջանական կողմը ինչ-որ տարբերակ է առաջարկել, որն ընդունելի է եղել Միշելի համար: Հիմա եթե դու փորձում ես այլ տարբերակով խնդիրը լուծել,  ինչու պետք է մյուս կողմը համաձայնի այդ տարբերակին, եթե ինքն արդեն պայմանավորվել է իրեն ձեռնտու տարբերակի մասին ու դու լռել ես, եվրոպացիք էլ այո են ասել: Եթե դու ասում ես՝ ես մանդատ չունեմ այդ հարցը քննարկելու, դու դրանով ասում ես՝ դուք որոշեք: Եթե մանդատ չունես, ինչու ես ընդհանրապես բանակցում Արցախի հարցում: Եթե դու նստած ես սեղանին ու լռում ես, դրանով այո ես ասում առաջարկվող տարբերակներին, եւ մյուս կողմը անելու է այն, ինչը դու թույլ ես տվել, որ անի»,-ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը ձեռքերը լվացել է այս հարցում:

Անդրադառնալով ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը, որ Աղդամի ճանապարհը չի կարող այլընտրանք լինել Լաչինի ճանապարհին, Արթուր Մարտիրոսյանն ասաց. «Դա փաստում է, որ իրենք էլ իրենց խաղերն են խաղում, իրենց պետք է այդ խաղի մեջ մասնակցություն ունենան, որովհետեւ եթե ամբողջությամբ համաձայնեն Ալիեւի հետ, իրենց ճնշման կետ չեն ունենալու Ալիեւի վրա: Բայց իրենց պետք է ինչ-որ ճնշման կետ լինի, նաեւ հակախաղ ունենան ռուսների դեմ: Եթե եվրոպացիները ունենային քաղաքական կամ, իրենց հռչակած գաղափարների համար պայքարել, մենք ոչ թե հայտարարություններ կտեսնեինք, այլ գործնականում կտեսնեինք, թե ինչ են անում Ադրբեջանի դեմ: Միայն հայտարարություններով դու ոչնչի չեն հասնելու, դա շատ պարզ է:

Այն, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկան, նշանակում է, որ Ադրբեջանը սպասարկում է շատ կարեւոր շահեր Արեւմուտքի համար, բայց նաեւ դա նշանակում է, որ հայկական դիվանագիտությունը զրո է: Հայկական կողմը չի կարողանում ազդել Արեւմուտքի վրա այնպես, որ նրանք ստիպված լինեն այլ ձեւով վարվել Ադրբեջանի հետ»: