Իմ կարծիքով նաիվ էր Վարդան Օսկանյանի առաջարկը՝ երեք ամսով ինձ հնարավորություն տվեք բանակցություններ իրականացնել եւ ես կփոխեմ բանակցային օրակարգը, որովհետեւ ոչ մի դեպքում Նիկոլ Փաշինյանը չի զիջելու, չի հեռանալու եւ շարունակելու է  այնել այն, ինչ անում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի պահպանել իշխանությունը առնվազն մինչեւ 2026 թվականը, իսկ դրանից հետո էլ հարց է, թե արդյոք հնարավոր կլինի նրան հեռացնել իշխանությունից, թե ոչ:

Անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ հնարավոր բանակցություններին, կոնֆլիկտաբանն ասաց, որ Ադրբեջանն արդեն որոշել է օրակարգը՝ ինտեգրում, հիմա էլ ինքը պետք է որոշի, թե ում հետ բանակցի. «Ադրբեջանը կարողանում է անել, որովհետեւ Փաշինյանն արդեն հրաժարվել է Արցախից: Եթե դու արդեն ասել ես, որ Արցախն Ադրբեջանի մաս է, տրամբանական է, որ Ադրբեջանն էլ ասում է՝ ես եմ որոշելու, թե ինչպես այդ մասն ինտեգրեմ, դարձնեմ իմ մասը»:

Ինչ վերաբերում է նրան, որ արդեն խոսքը այն մասին է, որ արցախցիների իրավունքները եւ Հայաստան ենթադրյալ վերադարձող ադրբեջանցիների իրավունքները նույն հարթության մեջ են դիտարկվում բանակցություններում, Արթուր Մարտիրոսյանն ասաց. «Ադրբեջանի քարոզչամեքենան այդ հարցը դեռ 1990-ականներին է դրել: Ասում էին՝ ինչու պետք է հայերն Ադրբեջանում ունենան ավտոնոմիա, իսկ Հայաստանի շուրջ 200 հազար ադրբեջանցիները չպետք է ունենան ավտոնոմիա: Հիմա այդ հարցը նորից օրակարգում է, որովհետեւ Ադրբեջանը թելադրում է օրակարգը: Դա կանխատեսելի էր դեռ 2020 թվականին: Ես զարմացած եմ, որ դա դեռ ուշացել է: Ալիեւը կարող է ամեն օր հարց դնի, ասի՝ հայկական դրամն ի՞նչ գործ ունի մեր տարածքում, եւ Փաշինյանն արդեն պատրաստվում է դրան: Հիմա Փաշինյանը պատրաստում է, որ կարողանա ասել՝ միջազգային հանրությունն ասում է, որ մենք խախտում ենք օրենքը, երբ դրամ ենք հատկացնում Ադրբեջանի տարածքում: Հայկական դրամն ինչ գործ ունի Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանի տարածքում ի՞նչ գործ ունեն քո անձնագրերը, բոլոր փաստաթղթերը: Եթե դու ընդունում ես իմ տարածքային ամբողջականությունը, ուրեմն այստեղ պետք է լինեն միայն իմ տարածքում օգտագործվող փաստաթղթերը: Փաշինյանը գիտի, որ դա լինելու է, իր նպատակլն է պատրաստել ժողովրդին, որ Արցախից պետք է հրաժարվենք»,-ընդգծեց Արթուր Մարտիրոսյանը:

https://www.youtube.com/watch?v=Y9F9QJESM5w