Քանի Հայաստանում իշխանության է Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, ապա Արցախի բնակչությունը անգամ եղեռնի պարագայում չի կարող ակնկալել Հայաստանի զինված ուժերի աջակցությունը. Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեքստով դա ասաց իր ասուլիսում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
«Այս մարդը սպառնալիք է ազգի մի հատվածին, եթե չասեմ, ամբողջ ազգի համար»,-ասաց նա:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախի իշխանությունների անելիքը հենց Բաքու-Ստեփանակերտ երկխոսության գնալը պետք է լինի, Արգիշտի Կիվիրյանն ասաց. «Ես դեռ 2020-ի պատերազմից հետո ասել եմ, որ Արցախը պետք է ամեն կերպ կտրվի Հայաստանից, պետք է փորձի վերականգնել իր քաղաքական սուբյեկտայնությունը եւ փորձի ստեղծել բանակցային հարաբերություններ բոլորի, այդ թվում Բաքվի հետ: Դա անխուսափելի է այս իրավիճակում: Մենք գտնվում ենք այն իրավիճակում, որ դրան մեծ այլընտրանք չկա»:
Դիտարկմանը, որ Բաքուն պնդում է, որ պետք է ցրվի Արցախի բանակը, իշխանությունը, Ազգային ժողովը եւ երկխոսությունը պետք է լինի ինտեգրման օրակարգով, քաղաքական վերլուծաբան ասաց. «Ինքը ներկայացնում է իր օրակարգը, Արցախն էլ թղթի վրա պետք է ձեւակերպի իր օրակարգը: Տարատեսակ ակցիաներով, տարատեսակ նամակներ գրելով Պուտինին, Բայդենին, ոչնչի հասնել չես կարող: Երեւանում փողոց են փակում, բայց չեն հանդգնում տալ գլխավոր պատասխանատուի՝ Նիկոլ Փաշինյանի անունը: Ձեզ թվում է, որ Երեւանում փողոց փակելով Իլհամ Ալիեւը գնալու է որեւէ զիջմա՞ն: Կամ Պուտինին ու Բայդենին նամակ գրելով Բաքուն գնալու է զիջմա՞ն: Դրա համար դու պետք է իրական քաղաքական դիվանագիտությամբ զբաղվես: Սրա պատասխանը տվել է դեռեւս Խրիմյան Հայրիկը՝ թղթե եւ երկաթե շերեփի մասին ասելով: Եթե դու չունես երկաթե շերեփ, ապա վեր ընկիր տեղդ, գնա հայթայթիր երկաթե շերեփ, իսկ մինչ այդ հանգիստ նստիր»:
Կիվիրյանի խոսքով, աշխարհը չի զբաղվելու հայ ազգի խնդիրներով. «Գերտերություններին հետաքրքրում է իրենց շահերը, դու պետք է ընկալես իրենց շահերը եւ փորձես խաղալ այդ շահերի արանքում: Դրա համար էլ պետք է ունենաս պրոֆեսիոնալ դիվանագիտություն, ոչ թե Արարատ Միրզոյան եւ նրա շուրջ հավաքված անհասկանալի երեւույթներ:
Կա աշխարհում մի քանի խաղացող, որոնք այստեղ ունեն ռեալ շահեր: Դրանցից հիմնականը ՌԴ-ն է, որի խաղաղապահները Արցախում ապահովում են բնակչության անվտանգությունը: Դրա համար արցախահայությունը իր քայլերի առնվազն զգալի մասը պետք է համաձայնեցնի Մոսկվայի հետ: Դու չես կարող խաղալ իր շահերին հակառակ յս իրավիճակում, երբ չունես ռեսուրսներ:
Ռուսներն էլ ասում են՝ գնացեք բանակցեք: Նաեւ շեշտում են, որ պետք է Հայաստանը համոզի արցախահայությանը գնալ այդ բանակցություններին: Այսինքն սրանով հասկացնում է՝ միանգամից մի համաձայնվիր, սա փոխանակիր սկզբից ինչ-որ բանի հետ»,-ասաց Կիվիրյանը:
Նա շարունակեց, որ այս իրավիճկում արցախիները ճիշտ կանեն պաշտոնապես դիմեն Մոսկվային՝ առաջարկելով կազմակերպել այդ հանդիպումը հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ՝ ներկայացնելով իրենց օրակարգը. «Արցախահայությունը պետք է հասկանա Մոսկվայի մեսիջը եւ իր բանակցությունների նստելը փոխանակի քաղաքական առումով ինչ-որ բանի հետ, բայց դա նորից փորձի անել ռուսական աջակցությամբ»:











