Ակցիաները չեն դադարելու, պարենը շարունակվելու է  հավաքագրվել, քաղաքացիները շարունակելու են գալ: ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց ակցիայի ժամանակ ասաց մասնակիցներից Սեդա Գրիգորյանը։

Նա ընդգծեց՝ Արցախում քանի իրավիճակը սրվում է, Երևանում նույնպես քաղաքացիների քայլերը սրվելու են։

Սեդա Գրիգորյանի խոսքով, Երևանում տարբեր ինքնաբուխ ակցիաներ են տեղի ունենում, տարբեր գործողություններ, որոնք մի կետից չեն կառավարվում։

«Սա առողջ պրոցես է, որ տարբեր քաղաքացիներ իրենց բողոքն են արտահայտում։

Մի խումբ կգնա դեսպանատներ, մի խումբ՝ կառավարություն, կփորձենք  խնդիրն արթուն պահել ու պատասխանատուների գիտակցությունն արթուն պահել»,- ասաց Ս. Գրիգորյանը։

Նշենք, որ օրեր առաջ, երբ բազմաթիվ քաղաքացիներ պարենամթերք էին բերել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, դրանք շարունակում են այդպես էլ դրված մնալ դարպասների և ճաղերի մոտ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան վիրահատման, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։