Ես Հադրութից դուրս եմ եկել հոկտեմբերի 8-ին, երկու օր հետո բոլորս գիտենք՝ այնտեղ ինչ է կատարվել, բոլոր նրանք, որոնք մնացել են, դաժանաբար սպանվել են: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, կառավարության դիմաց արցախահայերի բողոքի ակցիայի ժմանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը:
«23 հոգի դաժանաբար սպանվել է միայն Հադրութ քաղաքում եւ շատ մոտիկ գյուղերում, 16 հոգի մինչեւ հիմա անհետ կորած են համարվում: Բոլորը քաղաքացիական անձինք են, ես չեմ խոսում զինվորականների մասին: Ասեմ նաեւ, որ Եռաբլուրում հուղարկավորված 986 արցացխիներից 243-ը Հադրութի շրջանից են: Դա այն դեպքում, երբ Հադրութի շրջանի բնակչությունն ընդամենը 13 հազար էր: Շատ վիրավորական է մեզ համար, որ ասում են՝ բոլորը թողել, փախել են:
Ինչքան էլ փորձեն պառակտել ազգը, մենք չպետք է տրվենք այդ ամեն ինչին»,-ասաց նա:
Մարգարիտա Քարամյանի խոսքով, Արցախի բլոկադայով հիմա զրկում են Արցախին բոլորն իրավունքներից. «Այսօր ոչ թե սովի խնդիրը պետք է դնել, թեեւ դա էլ է շատ կարեւոր, այլ իրավունքների խնդիրը: Հաջորդիվ նույնը լինելու է Հայաստանի հասարակության հանդեպ»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք իրատեսական է համարում, որ իրենց հայտարարած նստացույցի արդյունքում կառավարությունից որեւէ դրական արձագանք կլինի, նա պատասխանեց. «Դատելով մեր 3 տարվա պայքարից, հասկանում ենք, որ եթե այն ժամանակ չէին արձագանքում, հիմա առավեւ եւս չեն արձագանքի, երբ արդեն հայտարարել են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է պայքարենք»:
Անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանցիների տեղադրած անցակետին, Մարգարիտա Քարամյանն ասաց, որ այն ապօրինի է եւ հայերը պետք է հասկանան, որ չի կարելի այդ անցակետով անցնել ընդհանրապես:











