Ուզում եմ դիմեմ մեր հայրենակիցներին, ովքեր Հայաստանում և սփյուռքում են բնակվում և ասել, որ, իրոք, վիճակը շատ լուրջ է. Կարելի է ասել, որ սով է սկսվում: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։

«Եվ այդ ֆոնին ես ուզում եմ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, որտեղ նա անընդունելի ձևակերպումներ է արել, իջել է բլոգերի մակարդակի և ատելություն է սերմանել։ Նա ասաց, որ առանց ՀՀ իշխանության համաձայնության՝ Լաչինի միջանցք է հանձնվել։ Եթե ինքը չի գիտակցում, ասեմ, որ դա շատ լուրջ մեղադրանք է, և ես չգիտեմ, թե դրանով մարդիկ զբաղվո՞ւմ են, թե ոչ։ Պետք է համապատասխան մարմինները գործ հարուցեն և պարզենք, թե ով է հանձնել Լաչինը։ Ես այստեղի իշխանության հետ խոսակցություն եմ ունեցել, և նրանք ժխտում են, ասում, որ ռուսն է մեզ ստիպել և մենք ուղղակի փրկել ենք այնտեղի բնակչությանը։ Որովհետեւ ռուսն ասել է՝ եթե դուք դուրս չեք գալիս, մենք վաղը դուրս ենք գալիս: Իսկ եթե ռուսը դուրս գար, թուրքը գար, հասկանալի է՝ ինչ էր լինելու:

Հետո, Նիկո՛լ Փաշինյան, որ ասում ես՝ 150 մլրդ փող ենք տվել, ո՞ւմ եք տվել, ձեր աջակցած Արայիկ Հարությունյանին եք տվել և, ճանաչելով նրան, պետք է հսկողություն սահմանեիք, թե ուր են գնում այդ գումարները, ոչ թե ժողովրդի վրա մուննաթ գաք, թե բադրիջան աճեցրեք։ Ես քարե շենքում եմ ապրում, մասնագիտությամբ  բժիշկ եմ և իմ գործն էն ա, որ առավոտ գնամ գործի, ես որտե՞ղ պետք է բադրիջան աճեցնեմ, որ այդպես մուննաթ եք գալիս։

Բա մունաթ եկեք իշխանությունների վրա, մենք էլ ենք մուննաթ գալիս, ճիշտ եք ասում, որտե՞ղ են էդ փողերը։

Հետո էդ փախածների մասով․ դուք բարոյական իրավունք չունեիք նման հայտարարություն անելու, գոնե դուք շատ լավ գիտեք, թե քանի զոհ է եղել Արցախից տոկոսային հարաբերությամբ: Դուք շատ լավ գիտեք, որ 10 անգամ ավելի շատ զոհ ենք ունեցել: բարոյական չէր ձեր պնդումը, որ փախել են: Չեն փախել, տարհանել են երեխաներին ու կանանց, որովհետև տարիներով մի բունկեր չեն սարքել, որևէ թաքնվելու տեղ չկար, բա էդ էրեխեքին ի՞նչ անեինք։ Շատ շնորհակալություն  Հայաստանի հայերին, որ տեղավորել են բոլորին, կապ չունի, թե ով է իշխանության և ինչպես է խոսում, դուք մեծ գործ եք արել: Մենք մեկ ազգ ենք եւ որեւէ մեկը բարոյական իրվունք չունի նման ատելություն սերմանի»,-ասաց Տիգրան Պետրոսյանը:

«Ասում ա՝ ակցենտդ, բա Իջևանի ակցենտդ որտեղի՞ց ա, նույն Ղարաբաղի ակցենտն ա։ Ամոթ ա, իսկականից էժանագին բլոգերի մակարդակի եք հասել։ Հա, լավ, հասկացանք՝ հարց են տվել, ջղայնացել եք, Ձեզ կորցրել եք, չի կարելի, դա պետության ղեկավարի պահվածք չէ։ Քոչարյան, Սերժ եք բերում առաջ, սաղ խառնել եք, բադրջանով աջաբսանդալ եք սարքել: Քոչարյանին էլ, Սերժին էլ, քեզ էլ, ներվերներս կերաք, արա։ Երկրորդ հարկում բադրիջան աճեցնե՞մ: Պետք չի աբիժնիկ բլոգերի մակարդակի իջնել»,-հավելեց նա։