Կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը միացել է «Արցախի խաղաղության փառատոն» նախաձեռնությանը եւ ուղերձ հղել։

«Մեր հոգեկան թռիչքների եւ առօրեական մեծ ու փոքր թռիչքների ներսում մեր երկրի այն գերեվարված հատվածն է, որը բազմաթիվ կոթողներին զուգահեռ Տիգրան Մեծի հյուսիսային հայրենիքն է պահում։ Այս գողտրիկ աշխարհն այսօր կրկին ծայրահեղ ծանր օրեր է ապրում, նորից մռայլ ամպեր են կուտակվել նրա չնաշխարհիկ երկնակամարում։ Մարդասիրական աղետի այս օրերին հայությունը դիմադրում է ու դիմանում։ Հիացմունքի բոլոր խոսքերը, սակայն, դառնահունչ եւ խռովահույզ։ Իմ ձեռքին երբեք զենք չի եղել, իմ զենքը քնարն է, այս պահին երաժշտության մասին խոսելն էլ անպատեհ է, բայց ես ոգեշնչվում եմ կոմիտասյան մեղեդու շնչառությունից։ Այդ մեղեդին մեզ մեր հողին կապող զորեղ ուժն է։ Հավատում եմ, որ մեր հավաքական ուժերով կլուծվի նաեւ այս թնջուկը, կհարթվի այս ուղին եւս, մենք պետք է ապրենք մեր հողերի վրա, արարենք ու շատանանք»,- ասաց Տիգրան Մանսուրյանը։

Մանսուրյանն ընթերցեց Վահան Տերյանի «Իջնում է գիշերն անգութ ու մթին» բանաստեղծությունը։