Հայաստանի իշխանությունները պատրաստ են երկխոսության Հայ ազգային կոնգրեսի հետ, բայց պատրաստ չեն խնդրելու: Այդ մասին, այսօր` հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀԱԿ-իշխանության բանակցություններում կոալիցիոն աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը:

«Երկխոսության մենք պատրաստ ենք եւ սա լավագույն ձեւակերպումն է, որ մենք այսօր կարող ենք տալ: Եւ եթե մյուս կողմը համաձայն է շարունակելու… Ի վերջո, ընդհատել է երկխոսությունը մյուս կողմը: Խնդիրը հետեւյալն է: Պատրա՞ստ է մյուս կողմը շարունակելու երկխոսությունը: Հարցն ուղղեք իրենց»,- ասաց Հարությունյանը:

Ըստ հանրապետական պատգամավորի, «Երկխոսությունը ինքնանպատակ չէ, այն պետք է ունենա մեկ կարեւոր խնդիր` երկիրը առաջ տանելու, աջակցելու, որ երկիրը զարգանա, դառնա ժողովրդավարական, լուծի իր առջեւ դրված մարտահրավերները»:

«Սակայն երկխոսությունը հնարավոր է օգտագործել քաղաքական նպատակներով, զուտ կոնյունկտուրային նպատակներով: Կարծում եմ` պատճառն այն է եղել, որ մի պահ մեր գործընկերները որոշեցին օգտագործել այդ հարցը քաղաքական, այժմեական նպատակներով եւ փորձել դիվիդենտներ շահել իրենց ընտրազանգվածի մոտ: Կարծում եմ` դա է եղել պատճառը, որ շեղվել են երկխոսության բուն նպատակից»,- ՀԱԿ-ին մեղադրեց Դավիթ Հարությունյանը:

Վերջինիս խոսքով` երկխոսությունը պետք է երկրին: «Քաղաքակակիրթ  երկրում մարդկանց միջեւ շփման միջոցը երկխոսությունն է: Ես չէի ասի, թե դա պետք է իշխանությանը կամ ՀԱԿ-ին, դա պետք է երկրին»,- ամփոփեց նա: