Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին ասել եմ՝ ծրագրի իրականացումը պետք է լինի ժամանակին եւ որակով. որեւէ այլ ցուցում ես նրան չեմ տվել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության ընթացքում:

Գործով մեղադրող դատախազ Էդգար Արսենյանը Սերժ Սարգսյանին հարցրեց, թե ինչպիսի՞ հարաբերություններ ունի նա «Ֆլեշ» ընկերության սեփականատեր, գործով ամբաստանյալ Բարսեղ Բեգլարյանի հետ, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ձեր հարցը հռետորական է, որովհետեւ նախաքննության ժամանակ ասել եմ, որ Բարսեղ Բեգլարյանին ճանաչում եմ 1971 թվականից, եւ այդ թվականից սկսած մենք ընկերներ ենք»:

Դատախազն արձագանքեց, որ իր հարցը հռետորական չէր, եւ հարց ուղղեց, թե ի՞նչ հարաբերություններ է ունեցել ինքը Սերգո Կարապետյանի՝ որպես գյուղնախարար աշխատելու տարիներին, Սերժ Սարգսյանն ասաց.

«Մինչ ձեր հարցին պատասխանելը, ես կարծում եմ, որ դատաքննության ընթացքում մեզնից յուրաքանչյուրն իր կարծիքն է հայտնում, թույլ տվեք ես էլ իմ կարծիքը հայտնեմ: Սերգո Կարապետյանի հետ մենք ունեցել զուտ աշխատանքային հարաբերություններ»:

Դատախազին հարցին՝ արդյո՞ք այդ ծրագրի հետ կապված կոնկրետ հանձնարարություն Սերգո Կարապետյանին ինքը տվել է, նա պատասխանեց.

«Ոչ, ես Սերգո Կարապետյանին շատ հստակ ասել եմ, որ ծրագրի իրականացումը պետք է լինի ժամանակին եւ որակով. Ուրիշ որեւէ այլ ցուցում ես նրան չեմ տվել»:

Հարցին՝ արդյո՞ք Սերգո Կարապետյանն այդ ծրագրի շուրջ նախագահին զեկուցելիս որեւէ կերպ ասե՞լ է, որ «Ֆլեշ» ընկերությունն է ցանկություն հայտնել նշված ծրագրին մասնակցելու, Սերժ Սարգսյանն ասաց, որ չի զեկուցել այդ մասին. «Նա ասել է, որ ում վստահել ծրագրի իրականացումը, ես նրան ասել եմ, որ ծրագրի իրականացումը պետք է լինի ժամանակին եւ որակով: Երբ այն ընկերությունները, որոնք մասնակցելու ցանկություն են հայտնել, այս ամբիոնից ասում էին, որ իրենք ի վիճակի չէին 2 ամսվա ընթացքում 17 հազար տոննա դիզվառելիք ներկրել Հայաստանի Հանրապետություն, ու նաեւ վերաբաշխել ամբողղջ Հանրապետությունով, որեւէ մեկը չի ասել, որ ինքը ի վիճակի էր դա անելու: Արդյո՞ք դա բավարար չէ, որ ես այդպիսի եզրակացության գամ»:

Դատավոր Վահե Միսակյանը հարցրեց, թե սույն ծրագրի հետ կապված արդյո՞ք ինքը հանդիպում ունեցել է Սերգո Կարապետյանի հետ, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ հատուկ այդ ծրագրի հետ կապված ինքն առանձին հանդիպում չի ունեցել.

«Կար աշխատելաոճ, որ նախարարները պարբերաբար զեկուցում էին ՀՀ նախագահին իրենց վստահված ոլորտի գործերի իրավիճակի մասին»:

Ճշտող հարցին՝ ինքը ծրագրի վրա ազդելու ի՞նչ մեխանիզմներ ուներ, երրորդ նախագահը պատասխանեց. «ՀՀ նախագահը ունի բոլոր լիազորությունները՝ վերահսկելու գործադիրի աշխատանքը»:

Դատավոր Միսակյանը հրապարակեց Սերգո Կարապետյանի՝ նախաքննության ընթացքում տված հարցաքննությունից հատված.

«Բարսեղ Բեգլարյանն ասաց, որ կարող է իջեցնել գինը եւ միաժամանակ ասաց, որ ես պայմանավորվել եմ ՀՀ նախագահի հետ, որ ես պետք է կազմակերպեմ ներկրումը: Ես ասացի, որ կճշտեմ, հետագայում ես զեկուցեցի պարոն նախագահին, որ Բարսեղը եկել էր իմ մոտ, որ ծրագրի շրջանակներում ինքը կարող է կազմակերպել ներկրումը, սակայն մենք հարցումներ ենք արել եւ կա ավելի ցածր գին առաջարկող: Պարոն նախագահն ասաց՝ տվեք թող Բարսեղը կազմակերպի ներկրումը, որը ես արել եմ»:

Դատավորը հետաքրքրվեց, թե Կարապետյանն ինչո՞ւ պետք է այդպիսի ցուցմունք տար, Սերժ Սարգսյանն ասաց. «Չեմ ուզում ես ենթադրություններ անել: Դատարանը թող ինքը ենթադրություններ անի, թե ինչու Սերգո Կարապետյանը այդպիսի ցուցմունք տվել է ոչ առաջին եւ ոչ երկրորդ հարցաքննության ժամանակ»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։