Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր՝ օգոստոսի 10-ին, ավարտվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննությունը:

նշենք, որ ավարտվեց գործով ապացույցների հետազոտման փուլը: Հաջորդն արդեն միջնորդություններ ներկայացնելու եւ դատական վիճաբանությունների փուլն է:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 24-ին՝ ժամը 14:00-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։