Կառավարության անդամներն այսօրվա նիստում հավանություն տվեցին «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը ներկայացրեց նախագծում առաջարկվող փոփոխությունները.

«Առաջարկում ենք հարկային մարմնին վերապահել հսկողական արդյունավետ գործիքակազմ, որպեսզի հայտնաբերվեն այն դեպքերը, երբ գործատուները չեն փաստաթղթավորվում, և թերի են հայտարագրում իրացման շրջանառությունը և կանխարգելել հարկային իրավախախտումները: Հարկման մյուս համակարգերում գործող հարկ վճարողները չփաստաթղթավորված ձեռքբերումների համար պարտավորվում են կրելու հարկային գործակալի պարտականությունը: Անհասկանալի պատճառներով մենք միշտ բացառություն ենք արել շրջանառության հարկ վճարողներին այդ պարտականության կատարումից, ինչը կարծում ենք արդարացված չէ, և առաջարկում ենք շրջանառության հարկ վճարողների համար ևս սահմանել այդ նորմը, առավել ևս, որ այն գործում է հուլիսի 1-ից գործում է նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտների համար, ընդհանուր դաշտում աշխատողների համար վաղուց կա այդ նորմը, հետևաբար առաջարկում ենք, որ շրջանառության հարկ վճարողները ևս չփաստաթղթավորված ձեռքբերումների համար կրեն եկամտային հարկի գծով պարտավորություն»:

Մանուկյանի խոսքով՝ որպեսզի հարկային մարմինն ունենա արդյունավետ գործիքակազմ չափագրման միջոցով պարզելու շրջանառության հարկ վճարողների մոտ գործարքների փաստաթղթավորման կարգի պահպանման պահանջները, և եթե նրանք ձեռք են բերել չփաստաթղթավորված ապրանքներ և չեն կատարել հարկային գործակալի համար սահմանված 20 տոկոս դրույքաչափով հարկը հաշվարկելու վճարելու պարտավորությունը, ապա այդ ժամանակ նրանց՝ նմանատիպ ապրանքներ հայտնաբերելու դեպքում, այսինքն՝ ապրանքային ավելցուկ հայտնաբերելու դեպքում չափագրման ընթացքում առաջարկվում է սահմանել տուգանք՝ 20 տոկոսի չափով, այնուհետև կրկին հայտնաբերելու դեպքում 50 տոկոսի չափով:

«Եթե ես իրավունք ունեմ իրականացնելու չափագրում, եթե այդ տարվա որևէ ամսում ինքը գերազանցել է ներմուծումը կամ իրացումը 100 միլիոն դրամը, առաջարկում ենք դա սահմանել 24 միլիոն դրամի չափով»,- ընդգծեց նա:

Արթուր Մանուկյանն ասաց, որ հաջորդ փոփոխությունը վերաբերում է վարձակալության գործարքներին.

«Ֆիզիկական անձինք վարձակալական գույքը վարձակալության տրամադրելու դեպքում օրենսգրքով սահմանված կարգով ունեն եկամտային հարկ հաշվարկելու, վճարելու պարտավորություն, բայց կան բազում գործարքներ, որոնք իրականացնում են, չեն ստանում պետական գրանցում և դրա մասին նաև հարկային մարմինը տեղյակ չէ, քանի որ պետական գրանցում չի ստացել, այդ գործարքները մնում են հարկման դաշտից դուրս: Առաջարկում ենք սահմանել պատասխանատվությունը, որը կկիրառվի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում»:

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով նախագծին՝ նշեց, որ իրենց ռազմավարական մոտեցումն է՝ փոխել, բարելավել կամ զարգացնել ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը իրենց իսկ վճարվող հարկերի նկատմամբ.

«Մենք կրկնապատկում ենք ուսուցիչների աշխատավարձը, բանակում ծառայողների աշխատավարձերը, ուժային կառույցների ներկայացուցիչների աշխատավարձերը, էականորեն ավելացել են ռազմական ծախսերը, կառուցում ենք ճանապարհներ ու դպրոցներ, մանկապարտեզներ: Այդ ամենն արվում է ՀՀ պետական բյուջեից: 2023 թվականի պետբյուջեով նախատեսված է, որ ավելի քան 170 միլիարդ դրամի աջակցություն  պետք է ցուցաբերենք Լեռնային Ղարաբաղին: Մենք խնդիր չենք դրել այսպես ասած՝ ընկնել փոքր շրջանառություն ունեցողների հետևից, մենք տեսնում ենք, որ մեծ շրջանառություններ ունեցողները շատ դեպքերում այդ մեխանիզմի կիրառմամբ խուսափում են հարկային պարտավորություններից: Հիմա Հայաստանում անկհայտորեն աշխատուժի խնդիր կա: Հիմա մենք ոչ թե գործազրկության խնդիր ունենք, այլ աշխատուժի: Շատ ընկերություններ ստիպված են աշխատուժ հրավիրել այլ երկրներից: Առանց փաստաթղթավորման ապրանքների ձեռքբերումը այս օրենքով գործնականում դառնում է անհնարին»:

Անդրադառնալով վարձակալության գործարքներին՝ Փաշինյանն ասաց, որ այն քաղաքացիները, որոնք վարձով են տվել բնակարանները և հարկ չեն վճարել, ապա օրենքը խախտել են, ինչը խնդիր է. «Դա ոչ թե գումար է, որը մարդիկ իրենց գրպանից հանում ու տալիս են, այլ իրենց մի գրպանից հանում ու դնում են մյուս գրպանը, որովհետև իրենց ամենամեծ և կարևոր գրպանը ՀՀ պետբյուջեն է, որով իրենց բազմաթիվ կարիքներ բավարարվում է»: