Եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կոնսենսուսի գան, ապա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի վերաբերյալ Հայաստանի առաջարկած բանաձեւը կընդունվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նա նկատեց, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները սրված են, սակայն ստվերային շփումներ միշտ էլ եղել են:
«Վերջերս Շվեյցարիայում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների ոչ պաշտոնական հանդիպումը։ Արցախի հարցում ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը միշտ ունեցել են կոնսենսուս՝ չնայած այլ ուղղություններով հակասություններին»,-նշեց Կիվիրյանը։
Նրա խոսքով՝ կոնսենսուսի հնարավոր է հասնել նաեւ այսօր՝ հաշվի առնելով, որ Արցախում 120 հազար քաղաքացու աղետ է սպառնում, իսկ պատասխանատվությունը նման դեպքերում ընկնում է մեծ տերությունների վրա:
Փորձագետը պարզաբանեց, որ այդ կոնսենսուսը սովորաբար հանգում է ավելի շուտ չեզոք դիրքորոշման, ինչպես նաեւ զանգվածային կոտորածներ թույլ չտալու ձգտմանը։
«Միջազգային ատյաններ դիմել պետք է, բայց պետք է հասկանալ, որ Ադրբեջանը կարող է եւ չկատարել։ Հատկապես վերջին շրջանում Բաքուն ոչ մի նման որոշում չի կատարում»,-հավելեց նա։











