Փաշինյանի առաջարկած մոդելը հակասում է համայն հայության շահերին եւ կապված է համայն հայության շահերի հանձնման հետ։ Խոսքը միայն արցախահայության մասին չէ, որոնց նա հանձնել է դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 9-ին, այժմ նա զոհաբերում է Հայաստանի շահերը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նրա գնահատմամբ՝ քանի դեռ Հայաստանի ղեկին Փաշինյանն է, Ադրբեջանի պահանջներն անսահման են լինելու, քանի որ տեսնում է, թե ում հետ գործ ունի: Ինչին էլ համաձայնի Փաշինյանը, Ադրբեջանն անմիջապես նոր պահանջ է առաջադրելու։

«Ես արդեն ասել եմ, որ Արեւմուտքի օգնությամբ Բաքուն կփորձի թաղել Արցախի հարցը, Իսկ Մոսկվայի օգնությամբ կփորձի միջանցք ստանալ (Հայաստանի տարածքով-խմբ.)։

Իսկ Փաշինյանի համար կարեւորը իշխանությունն ամեն գնով պահելն է։ Վաղը նա նույն վերաբերմունքը կդրսեւորի Սյունիքի, ապա Գեղարքունիքի նկատմամբ։

Փաշինյանը՝ հասկանալով, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ինքը պետք չի լինի ո՛չ Արեւմուտքին, ո՛չ Ռուսաստանին, ձգձգում է այդ գործընթացը։

Հենց որ գտնի թե՛ ստորագրելու, թե՛ իշխանության մնալու մոդելը, նույն օրը կստորագրի»,-նշեց վերլուծաբանը։

Փորձագետը կարծում է, որ նույնիսկ այն գերտերությունը, որի հովանու ներքո կստորագրվի այդ փաստաթուղթը, ինքն էլ իրեն կզոհաբերի, քանի որ հասկանում է, որ նման փաստաթուղթը խաղաղության չի հանգեցնի, այլ կհանգեցնի հայերի լեգիտիմացված բնաջնջման։