Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացից դուրս չի եկել եւ շարունակում է գործընթացի մասը լինել, ակտիվ ջատագով է, իր բոլոր ջանքերը ուղղում է այդ ուղղությամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Բայց ինչպես ասում են՝ տանգոն միայնակ չեն պարում: Եթե Ադրբեջանը շարունակի այն, ինչ այժմ տեղի է ունենում, դա մեծ հարված է խաղաղության գործընթացին: Մինչ օրս արված քայլերն էլ զրոյացնում է Ադրբեջանի գործողությունները: Չի կարելի միայն հայկական կողմից ակնկալել բոլոր քայլերը, որոնք միտված կլինեն խաղաղությանը: Միջազգային հանրությունը պետք է նաեւ Ադրբեջանից ակնկալի այդ քայլերը: Քանի դեռ մենք այդ պրոցեսի մասն ենք, ես կարծում եմ, որ մենք կկարողանանք հասնել մեր տարածաշրջանում խաղաղության»,- նշել է նա։