Հայաստանի եւ Իռլանդիայի հավաքականների հանդիպումը ֆուտբոլասերները հնարավորություն ունեին դիտելու ոչ միայն բնակարաններում, սրճարաններում այլեւ Ֆրանսիայի հրապարակում տեղադրված մեծ էկրանին: Ոգեւորությունը մեծ էր: Բերեզովսկու հեռացումը, ապա հավաքականի ինքնագոլը հիասթափություն առաջացրեց, բայց հանդիսատեսը գրեթե աղոթում էր «միայն թե տղերքը չկոտրվեն»: Հավաքականը ապացուցեց, որ ի վիճակի է նույնիսկ տասը հոգով արժանի խաղ ցուցադրել, նույնիսկ հակառակորդի դաշտում: Ֆուտբոլասերները դժգոհում էին հատկապես մրցավարի որոշումներից, բոլորի մոտ կարծիք էր կազմվել, որ հանդիպման իսպանացի մրցավարը արդար որոշումներ չի կայացնում:
Ինչեւէ խաղն ավարտվեց 2:1 հաշվով՝ հոգուտ իռլանդացիների: Հայաստանի հավաքականը չի մասնակցի «Եվրո 2012»-ին: Ֆուտբոլասերները, սակայն, մեծ հիասթափություն չապրեցին: «Հայաստան-Հայաստան» վանկարկելով՝ նրանք արդեն Հայաստանի հավաքականի հաղթանակները պատկերացնում են ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խաղերում:











