Հակառակորդը, ապատեղեկատվություն տարածելով հայկական կողմի ենթադրյալ սադրանքների մասին, օրինականացնում է իր գործողությունները, որոնք կարող են սկսվել և մեկ ամսից, և մի քանի տարի անց։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է «VOMA» ռազմաքաղաքական կազմակերպության ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովը։
Քանի որ պատերազմը չի ավարտվել խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, թուրքերին սադրանքների համար հատուկ հիմքեր պետք չեն, քանի որ գործ ունենք չհայտարարված պատերազմի հետ, պարզաբանել է նա։
Ըստ Վարդանովի, Ադրբեջանը աշխարհի խոշորագույն նավթային ընկերության գործընկերն է, և ցանկացած ռազմական ակտիվություն կհանգեցնի British Petroleum-ի եկամուտների կրճատմանը, իսկ Բաքուն իրեն պահում է այնպես, ինչպես վարվում էր մինչև 44-օրյա պատերազմի սկիզբը. գնում է սադրանքների։
«Իսկ Ադրբեջանը կարող է դա անել բավականին երկար ժամանակ։ Դրան գումարվում է նաև այն, որ 1994 թվականից սկսած ռազմական գործողությունների ժամանակի և վայրի որոշման նախաձեռնությունը գտնվում է Ադրբեջանի ձեռքում։
44-օրյա պատերազմի ընթացքում մենք չօգտվեցինք այն հանգամանքից, որ կարող էինք հարվածել հակառակորդի համեմատաբար թույլ կետերին, օրինակ՝ Տավուշի տարածքից, որտեղ Հայաստանի ԶՈւ երրորդ բանակային կորպուսն ավելի ուժեղ է, քան նրան դիմակայող ադրբեջանական ստորաբաժանումները։ Բացի այդ, Նախիջևանն իրականում մեր պատանդն է, ինչը մենք չենք հասկանում, իսկ թուրքերը հասկանում են, դրա համար էլ այնտեղ բազմահազարանոց ռազմական ներկայություն են ապահովում։ Մենք կարող էինք ակտիվություն կիրառել Նախիջևանի ուղղությամբ և ստիպել հակառակորդին թուլացնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ կամ ընդհանրապես դադարեցնել դրանք։ Հատկանշական է, որ Նախիջևանի լեռնահրաձգային բրիգադի ուժերը ակտիվորեն մասնակցել են ինչպես Հադրութի, այնպես էլ Շուշիի մարտերին, որտեղից հայկական ուժերը հիմարաբար դուրս են եկել քաղաքը հետագայում հետ վերցնելու ցանկությամբ»,- ասել է Վարդանովը։
Հաշվի առնելով 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կրած լուրջ կորուստները՝ նրա բանակը պատրաստ չէ նոր պատերազմի, կարծում է փորձագետը։
«Իսկ մենք պատրա՞ստ ենք»,- հռետորական հարց է տվել նա։
Վարդանովը պարզաբանել է, որ Ադրբեջանին ժամանակ է պետք ուժերը վերականգնելու համար։
Ըստ նրա, հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհից զենքն ու զինտեխնիկան ուղարկվում է ռուս-ուկրաինական ճակատ կամ օգտագործվում է պաշարները համալրելու համար, Բաքվի ռեժիմի համար դժվար կլինի արագ վերականգնվելը։
«Բայց մեզ համար էլ է դա դժվար։ Համենայն դեպս, Ադրբեջանը լոգիստիկ առումով ավելի լավ վիճակում է և կարող է օգնություն ստանալ թյուրքական պետություններից։ Մեր վիճակն էլ ավելի բարդ է՝ հաշվի առնելով նաև Վրաստանի կողմից զենքի տեղափոխման հարցում լոգիստիկ խնդիրները։
Ռազմական գործողություններին թուրքերի պատրաստությունը 70 տոկոս է, մերը՝ էլ ավելի քիչ։
Թուրքիան, զենքի և ռազմական տեխնիկայի առումով, նույնպես ավելի քիչ պատրաստված է, քան մինչ Սիրիա ներխուժումը։ Բացի այդ, Թուրքիան նաև զենք է մատակարարում Ուկրաինային, որը ձեռք է բերվել նախկին խորհրդային երկրներից»,- ընդգծել է հետախույզը։
Նա նկատել է, որ Իրանը Հայաստանի բնական դաշնակիցն է, թեև նրա համար դժվար է կռվել հայերի կողքին։
«Միևնույն ժամանակ, մեր հարաբերությունները ռազմատեխնիկական համագործակցության առումով շատ բարդ են, քանի որ մենք վախենում ենք տարբեր պատժամիջոցներից, թեև ԱՄՆ-ը միշտ ըմբռնումով է վերաբերվել Իրանի հետ մեր հարաբերություններին»,- պարզաբանել է Վարդանովը։
Ըստ նրա, թուրքերը հայերին ֆինանսական եկամուտներից զրկելու քաղաքականություն են վարում։
«Վստա՞հ ենք, որ մեր պետական պարտքի զգալի մասը՝ ավելի քան 10 միլիարդ դոլարի չափով, չի պատկանում թուրքերին։ Կարծում եմ՝ ոչ»,- հայտարարել է նա։
Վարդանովը չի բացառել, որ թուրքերը կարող են դրամաշնորհներ հատկացնել միջազգային կազմակերպությունների միջոցով և անուղղակիորեն վճարել տեղական տարբեր հասարակական կազմակերպություններին, որպեսզի նրանք ընդդիմանան հայկական ինչ-որ ձեռնարկության։ «Իսկ նավթի արդյունահանումն ու փոխադրումը բնապահպանական բացասական հետևանքներ չե՞ն ունենում։ Ունենում են և շատ ավելին, քան ոսկու հանքի շահագործումը: Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարելիս մենք ինքներս մեր դեմ ենք պայքարել։ Պայքարել ենք, որ հանկարծ գոնե մասնակի ֆինանսական անկախության չհասնենք»,- ավելացրել է նա։
Վարդանովը կոչ է արել մարդկանց մտածել իրական անկախության մասին, փոխել մտածելակերպը և հույսը չդնել դրսի օգնության վրա։











