Արայիկ Հարությունյանը շատ լավ հասկանում է, թե մոտ ժամանակներս ինչ է սպասվում  Արցախին, դրա համար էլ հրաժարական տվեց։ Եթե ​​նա կարողանար ժամանակ ձգել իր ֆինանսական վիճակը բարելավելու հույսով, ապա կմնար։ Բայց նա գիտի, թե ինչ կարող է լինել շուտով: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է  քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Եթե նա պատասխանատու անձ լիներ, չէր գնա այս քայլին, որպեսզի լեգիտիմության հետ կապված խնդիրներ չծագեին։ Նա կարող էր պետնախարարի պածտոնում իրական կառավարիչ նշանակել, իսկ ինքը՝ անվանականորեն նախագահ մնալ։ Սա կօգներ պահպանել այս ինստիտուտը: Իսկ հիմա երաշխիք չկա, որ այս որոշումը նոր խնդիրներ չի ստեղծի։

Հարությունյանը կարող է լինել վերջին ընտրված նախագահը, իսկ նոր գործիչը (պետ​​նախարարը - խմբ.) կարող է չճանաչվել ոչ մեկի, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների կողմից։

Ո՞վ բերեց Հարությունյանին իշխանության։ Արցախի նախկին նախագահները. Այնպես չէ, որ նա այդ գծին հակադիր մարդ է։ Ինչպես Հարությունյանն էր նրանց «արտադրանքը», այնպես էլ նոր անձը (պետնախարարը - խմբ.) հավանաբար նրանց «արտադրանքն» է։ Նա իշխանությունը զիջեց նրան, ով կանգնած է Բակո Սահակյանի հետևում։ Սա խոսում է այն մասին, որ այդ մարդկանց ոչ թե Արցախի ճակատագիրն է հետաքրքրում, այլ իրենց իշխանությունը, սեփական շահը»,- նկատել է փորձագետը։

Նրա գնահատմամբ, Սամվել Բաբայանի առաջարկների մեջ  այն տրամաբանությունը կա, թե ինչպես ժամանակ ձգել  և լուծել Արցախի ներսում առկա խնդիրները, որպեսզի հնարավոր լինի  դիմակայել մարտահրավերներին։

«Այդ առաջարկները մերժվել են, քանի որ դրանք ներկայացրել է Սամվել Բաբայանը։ Արցախում մարդկանց անձնական հարցերն են հետաքրքրում՝ ի վնաս Արցախի շահերի, միայն թե Սամվել Բաբայանի առաջարկը չընդունվի։ Ընդ որում, կշեռքի մյուս նժարին այլ առաջարկ չկա»,- հավելել է Կիվիրյանը։

Նա կարծում է, որ տրամաբանական կլիներ Հարությունյանի միջոցով պահպանել նախագահի պաշտոնը, որը Բաբայանին կնշանակեր պետնախարար, որպեսզի նա փորձեր իրականացնել իր գաղափարները։

«Ի վերջո, նա եղել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը, նա պատահական մարդ չէ։ Բաբայանը 100 օր ժամանակ էր խնդրել. Քանի՞ 100 օր է անցել դրանից հետո։ Բայց նրան այդ հնարավորությունը չտրվեց, քանի որ նրանց, ովքեր դա արեցին,  չի հետաքրքրում Արցախի ճակատագիրը։ Արայիկ Հարությունյանը հասկացրել է, որ հրաժարական է տվել Ադրբեջանի պահանջով։ Եթե ​​նույնիսկ դա այդպես է, ապա դա չէր կարելի հրապարակայնորեն ընդունել։ Ռուսաստանը, որը Արցախում փխրուն խաղաղության միակ երաշխիքն է, առաջարկում է սկսել ինտեգրումը, բայց  ավարտին չհասցնել։ Արդյո՞ք, Բաբայանն այս տրամաբանությունից դուրս բան է ասում։

Իսկ այսպես, ի վերջո, ամեն ինչ կհասցնեն նրան, որ Արցախը կհայտնվի ծանրագույն իրավիճակում»,- եզրափակել է վերլուծաբանը։