«Հայաքվեի» իրական արժեքը աշխարհին ասել է, որ հայ ազգը չի պատրաստվում ընդունել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում եւ պտրաստ է մինչեւ վերջ պայքարել Արցախը հայկական պահելու եւ մեր միասնական հայրենիքը վերականգնելու համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ միջազգային տարբեր գործիչներ Հայաստանին «խիզախ զիջումների» կոչ են անում, նա ասաց. «Մենք պետք է հասկանանք, որ միջազգային կառույցները միայն սեփական շահով են առաջնորդվում. «Մենք պետք է միշտ առաջնորդվենք մեր պետական շահերով: Չգիտեմ, թե ինչպես է երևում, Բրյուսելից, Վաշինգտոնից, ՌԴ-ից, մենք ամեն ինչը պետք է դիտարկենք, թե ինչպես է երևում Հայաստանից և Արցախից: Ստեփանակերտ այսօր իրավահավազոր մայրաքաղաք պետք է ընկալվի ցանկացած հայի կողմից, ինչպես Երևանը», - ասաց նա:

Անդրադառնալով Աղդամ-Ստեփնակերտ ճանապարհի բացմանը, Պողոսյանը նշեց, որ իր համար այդ հարցում արցախցու խոսքն է կարևոր. «Իսկ արցախցին ասում է՝ չեմ կարող բացել, դա բացելը նշանակում է այս նույնիսկ այս կետում, որտեղ կանգնած ենք, այդ կետի դուռը բացում ենք թշնամու առջեւ: Շառլ Միշելներն իրենց շահերն ունեն, Բրյուսելը միգուցե առեւտրի խնդիրներ ունի, ուզում է Ադրբեջանի հետ ուզում է բանակցել եւ ավելի էժան գնով ռուսական գազը գնել: Մենք իրենց շահերը սպասարկե՞նք, թե մեր շահերը»:

Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականին, Թեւան Պողոսյանն ասաց. «Դա հնարավորությունների դուռ է բացել, որից հուսամ՝ Արցախում կօգտվեն»: