Ցավոք սրտի որոշ մարդիկ Հայաստանում, առաջին հերթին Անդրանիկ Քոչարյանը եւ էլի ուրիշները, որոնք ասում են, որ ճնշել են եւ պարտադրել են հրաժարական Արայիկ Հարությունյանին, իրենք չեն ճանաչում Արայիկ Հարությունյանին ու չգիտեն, որ ոչ ոք նրան չի կարող ճնշել, նա որոշումները կայացնում է ինքնուրույն: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարին տված հարցազրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի հրաժարականին:
«Երկրորդ, այդ թեման այդպես բամբասանքային դարձնել եւ անհարգալից մոտենալ Արցախի իշխանությանը, դա միայն օգնում է թշնամուն եւ օգուտ չի բերում մեզ: Հաջորդը, Արցախի նախագահը այդ քննարկումն անցկացրել է ոչ թե 8 հոգու, այլ տասնյակ մարդկանց հետ, նա այդպիսի աշխատաոճ ունի, որ նախքան որոշում կայացնելը տարբեր մարդկանց հետ քննարկում է այդ որոշումը:
Ծանր բան է բոլորի համար, որովհետեւ ինքը ընտրված նախագահ էր, բայց դա իրականություն է, որը պետք է ընդունենք եւ հասկանանք, թե ոնց ենք այս իրավիճակում այս պայմաններում վերահաստատում Արցախի պետականությունը»,-ընդգծեց Ռուբեն Վարդանյանը:
Նա ընդգծեց, որ այդ հանդիպումը կազմակերպել է Արցախի նախագահը. «Իմ քննադատությունը եղել է ոչ թե այդ որոշման հետ կապված, այլ ես որպես մարդ իմ կարծիքն եմ հայտնել, որ այս իրավիճակում, երբ չկա հաց, ճնշումն ուժեղանում է, շատ կարեւոր է, որ ղեկավարի կողմից լինի հստակ, վստահ դիրքորոշում: Խոսքը ոչ թե պաշտոնների մասին էր, ոչ թե արժեքների ու սկզբունքների մասին: Մենք պետք է հասկանանք՝ ինչ ենք անում, ինչի համար ենք անելու եւ գնալու ենք մինչեւ վերջ՝ պաշտպանելու հայկական Արցախը»,-ասաց Վարդանյանը:











