Մենք պարտավոր ենք չհուսահատվել, չհոգնել եւ պայքարել մեր Արցախի համար. Այսօր Արցախի մեր եղբայրներն ու քույրերը ծանր զրկանքներ կրելով ցույց են տալիս, որ պայքարում են մեր ընդհանուր հայրենիքի համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Կորցնելով Արցախը, մենք կորցնելու ենք Հայաստանը: Դրա համար պետք է պայքարենք»,-ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմության թույլ տված սխալներին, Վանեցյանն ասաց. «Մդենք երբեւէ չենք խուսափել ընդունել մեր սխալները: Պետք չի խոսել միայն սխալների մասին, սա պայքար է: Այս իշխանություններն առանց որեւէ կարմիր գծերի պայքարում են իրենց իշխանությունը պահելու համար: Եթե իրենք լինեին նորմալ մարդիկ, մի քիչ նամուս, թասիբ ունենային, այսօր կհրաժարվեին իշխանությունից եւ կթողնեին, որ մարդիկ, որոնք ունակ են երկիրը կանգնեցնել ոտքի, այդ մարդիկ անեին այդ ամենը»:

Վանեցյանի խոսքով, այս իրավիճակում կա հնարավորություն առնվազն կանգնեցնել այս մշտական գահավիժումը, մահերի անիվը. «Վստահ եմ, որ ողջ ժողովրդով կկարողանանք դուրս գալ այս վիճակից: Եթե մենք չլինեինք հետեւողական, ժողովրդի հետ չխոսեինք, չբարձրաձայնեինք, դուրս չգայինք պայքարի, այսօր Արցախը ստորագրությամբ, իրավաբանորեն հանձնված կլիներ թշնամուն: Մեր ձեռքբերումներից մեկը կարող եմ դա համարել:

Ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ մեր թշնամիները, ամբողջ աշխարհը տեսնում են, որ այստեղ կան մարդիկ, որոնք դեմ են Նիկոլ Փաշինյանի վարած պարտվողական քաղաքականությանը: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ եթե մի փոքր թուլացար, քեզ հոշոտելու են»:

Նա նաեւ հավելեց, որ եթե այս իշխնության տեղը նորմալ մարդիկ լինեին, ոչ թե հրաժարական կտային, այլ կգնային կկորեին, ինքնասպանություն կգործեին: