Մենք այստեղ հավաքվել ենք, որ մեր միասնական կամքով նեցուկ կանգնենք մեր Արցախ աշխարհին. Արցախի մեր քույրերն ու եղբայրները իրենց անկախությունը նվաճել են սկզբում հանրքավեով, հետո մարտի դաշտում թշնամուն բազմիցս դիմագրավելով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքում իր ելույթում նշեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Մենք պետք է արժանի լինենք իրենց այսօրվա պայքարին: Հայաստանն իր ստեղծման օրվանից եղել է Արցախի անվտանգության երաշխավորը, մինչեւ վերջերս, երբ այս իշխանությունները հրաժարվեցին այդ երաշխավորությունից, Արցախին թողեցին մենակ, պաշարման մեջ՝ չունենալով դրա իրավունքը: Արցախը մեր ինքնիշխանության, մեր անկախության հռչակագրի, մեր Սահմանադրության եւ սահմանադրական կարգի հիմքում է: Ոչ մի հայ ղեկավար իրավունք չունի հանձնել Արցախը, մենք նրան նման մանդատ չենք տվել»,-ասաց նա:

Չալաբյանի խոսքով, այսօր Հայաստանում ցավոք մարդկանց մի տեսակ է առաջացել, որ մի փոր հացի, մեկ մետր ասֆալտի, խղճուկ պաշտոնի կամ մի բիզնեսի համար պատրաստ է զոհաբերել մեր հայրենիքը, մեր պատմությունը, մեր զոհերի արյունը. «Դրանց վրա է այսօր հենվում այս իշխանությունը, դրանց է շահագործում, փորձում մանիպուլացնել: Մենք լավ նորություն ունենք. Այս տեսակը չի հաղթելու իսկական հային: Իսկական հայը այստեղ կանգնած մարդիկ են: Իսկական հայը կռվում է իր երկրի համար, իսկական հայը խաղաղություն չի մուրում, այն պարտադրում է»,-հայտարարեց նա:

Անդրադառնալով «Հայաքվե» նախաձեռնությանը, Չալաբյանն ասաց, որ մեկ ամիս հետո իրենց օրենքի նխագիծը մտնելու է ԱԺ. «Ես ձեզ խնդրում եմ, բոլորդ միահամուռ այդ օրը եկեք ԱԺ-ի առաջ, տեր կանգնեք ձեր ստորագրությանը:  Մեզ ասում են՝ մեկ է, ՔՊ-ն դեմ է քվեարկելու: ՔՊ-ն եթե ձեզ տեսնի, ո՞նց է դեմ քվեարկելու, եթե ձեզ բոլորիդ տեսնի իր առաջ: Ժողովուրդը իրենց փրկօղակ է նետում. Այդ օրենքի նախագիծն ընդունելով իրենք կարող են ազատվել դավաճանի խարանից: Երբ այդ օրենքն ընդունենք, սկսելու ենք Արցախի երկրորդ ազատագրումը: Աստված զորավիգ է լինելու մեր հայրենիքին եւ մեր պայքարող տեսակին: Հաջորդ տարին Շուշիում»: