Ես հարգում եմ Արցախի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականի որոշումը, դա բարդ որոշում էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա տեղեկացրել է, որ ծանոթ է Արայիկ Հարությունյանին 2008 թվականից, որի հետ երկար ճանապարհ է անցել։

Վարդանյանը հիշեցրել է, որ 2020թ. ընտրությունների ժամանակ աջակցել է Հարությունյանին եւ մարդկանց հորդորել քվեարկել նրա օգտին։

«Ես վստահ էի, որ նրա թեկնածությունը՝ որպես փորձառու քաղաքական գործչի, հաջող էր տնտեսության զարգացման գործում, ոչ պատերազմական ժամանակ։ Ես հրաժարական չեմ տվել, ինձ հեռացրել են, դա նախագահի որոշումն էր, բայց ես այդ որոշումը չեմ քննադատել եւ հարգանքով եմ վերաբերվել»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ ճգնաժամի, հետպատերազմյան իրավիճակի, շրջափակման պայմաններում նախագահը կատարում է գերագույն գլխավոր հրամանատարի եւ առաջնորդի գործառույթներ, հետեւաբար՝ նրա դիրքորոշումը եւ վարքը պետք է այլ լինեն։

Տատանումները հրաժարականի կամ չհեռանալու որոշման ընդունման առնչությամբ այնքան էլ նպաստավոր միջավայր չեն ստեղծում այն մարդկանց համար, ովքեր առաջնորդներից սպասում են հստակ համոզվածություն եւ համակարգային քայլեր, կարծում է նախկին պետքարտուղարը։

«Ես քննադատել եմ եւ խոսել մոտեցումների եւ արժեքների մասին, այլ ոչ թե պաշտոնի»,- պարզաբանել է նա։

Ընդ որում՝ Վարդանյանը անթույլատրելի է համարել այդ որոշման վարկաբեկումը տարբեր ԶԼՄ-ների կողմից, քանի որ դա վարկաբեկում է Արցախի պետականակերտման 35-ամյա պատմությունը։

Նա կոչ է արել հարգանքով վերաբերվել Արցախ պետությանը, ժողովրդին, որը գտնվում է ծանր վիճակում, եւ թույլ տալ գործընթացներին ընթանալ օրենքների Սահմանադրության շրջանակում։ «Պետք է նպաստել Արցախի կերտմանը, ոչ թե փլուզմանը»,- նշել է նախկին պետնախարարը։