Խոստումները, որոնք Հայաստանի իշխանությունները տվել են 5 տարվա ընթացքում, այդպես էլ չեն կատարվել։ Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա պարզաբանել է, որ դա վերաբերում է ոչ միայն Արցախի հարցին, որի վերաբերյալ մոտեցումները փոխվել են 180 աստիճանով, այլեւ սահմանադրական փոփոխություններին, որոնք խոստացել էր վարչապետը, որն ակտիվ քննադատում էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանին այն բանի համար, որ նա իր համար շատ հարմար կոստյում էր կարել։
«Ստացվում է, որ այդ կոստյումը վարչապետին էլ է շատ դուր եկել, ինչն ուժեղացնում է սուպերվարչապետության համակարգը։ Այժմ այդ մասին ոչ ոք չի խոսսում, չնայած շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, որի դեպքում իշխանությունը կենտրոնանում է մեկ հոգու ձեռքում»,- նշել է Վարդանյանը։
Նա դժգոհություն է հայտնել նաեւ Հայաստանի կյանքին Սփյուռքի ակտիվ մասնակցության բացակայությունից։
«Չի երեւում, թե ինչ քայլեր են նախաձեռնվում, որպեսզի սփյուռքահայերը կարողանան ծառայել բանակում, հարկեր վճարել, ինչ փոխադարձ պարտավորություններ ունեն Սփյուռքն ու Հայաստանը միմյանց հանդեպ»,- ընդգծել է Վարդանյանը։











