Այ մարդ, իմ վրա ոչ ոք ջուր չի լցրել, վերեւից ինչ-որ մի երեխա ջուր ա լցրել, սարքել են մատի փաթաթան, ադրբեջանական լրատվամիջոցներն են անդրադարձել, հայկական «լրատվամիջոցների» փոխանցմամբ. Նման բան չի եղել, ինձ վրա մեկ կաթիլ անգամ ջուր չի լցվել։ ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում պնդեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով նախօրեին իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։
«Ենթադրենք՝ ինչ-որ մեկն ուզեցել է նման բան անի, էդ ի՞նչ մի թեմա եք սարքել․․․ հարյուրավոր մարդիկ փաթաթվում են, պաչում, գրկում, մի հատ երեխա եսիմ ինչ է արել: Ավելի լուրջ թեմա չկա՞, այսօրվա մեր քարոզարշավի, էլ չեմ ասում երկրի օրակարգը է՞դ ա»,- ասաց ԱԺ նախագահը։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սեպտեմբերի 5-ին՝ Շենգավիթ վարչական շրջանում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմի նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքացիներից մեկը շենքից ջուր է շփել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղղությամբ:











