Եթե ես եւ դուք ուզում ենք մեքենա բերել եւ Հայաստանում վարել, պետք է բերենք, մաքսազերծենք եւ վարենք. Հիմա ինչու մենք պետք է մաքսազերծման վրա գումար ծախսենք, հայտարարագիր ներկայացնենք, վճարենք բոլոր մաքսերը, տուրքերը, հարկերը, իսկ այդ մեխանիզմով մարդիկ չվճարեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով վրացական համարանիշներով Հայաստանում մեքենա վարող վարորդների բողոքներին:
«Այստեղ ամբողջ քննարկման աբսուրդն այն է, որ վրացական համարանիշը նախատեսված է Վրաստանի տարածքում մեքենա վարելու համար, Հայաստանում պետք է ունենալ հայկական համարանիշի: Ընդ որում, կան բացառություններ, երբ մարդը ժամանակավոր գալիս է Հայաստան, իրեն տրված է հնարավորություն իր մեքենայով գհալ Հայաստան եւ դուրս գալ: Երբ այս մեխանիզմն օգտագործվում է մեքենա չմաքսազերծելու, բայց այդ մեքենան մշտապես ՀՀ տարածքում պահելու համար, եւ եւ դուք հայտնվում ենք անհավասար վիճակում»,-ասաց Բադասյանը:
Միաժամանակ նա նկատեց, որ այստեղ կա մի հարց. «Երբ պետությունը, ի դեմս ՊԵԿ-ի, դրան անմիջապես չի արձագանքում, չի ասում՝ այդ ինստիտուտը դրա համար չի, մարդիկ էլ ասում են՝ բա ո՞նց ենք 3 տարի դրանից օգտվել, հիմա ՊԵԿ-ը ասում է՝ էլ չես կարող: Դրա համար, մենք կլսենք մեր քաղաքացիներին եւ այնպիսի կարգավորումներ կընտրենք, որ միանգամից այս հարաբերությունները չխզվեն: Ես համաձայն եմ, որ ՊԵԿ-ն այստեղ մեղավորություն ունի, որովհետեւ պետք է այդ ամենին արագ արձագանքեր: Ես հիմա այդ մարդկանց հորդորում եմ այդ ցայտնոտ վիճակից դուրս գան, որովհետեւ մենք ինչ որոշում էլ կայացնենք, անպայման լսելու ենք, ողջամիտ ժամկետներ ենք քննարկելու, որ իրենք ժամանակ ունենան հարմարվելու նոր վիճակին»,-ընդգծեց Բադասյանը:











