«Մայր Հայաստան» դաշինքն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, համագործակցության հուշագիր ստորագրեց «Արցախ» հայրենասիրական կանչ» ՀԿ–ի հետ:
Միջոցառման ժամանակ դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանն ասաց. «Մենք Երեւանի ավագանու ընտրությունները դիտարկում ենք որպես ամբողջական իշխանափոխության հնարավորություն: Մենք շատ կարեւորում ենք հանրության տարբեր շերտերի ընդգրկվածությունն այս ընտրական գործընթացում, քանի որ մեր ծրագրի համաձայն իշխանափոխությունը Երեւանում կարող է մեկնարկ դառնալ ամբողջ երկրում իշխանափոխությանը, որը կձեւավորի նոր կառավարություն, այնուհետեւ մեկ տարվա ընթացքում տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ:
Այստեղ կան տեղահանվածներ, որոնք 44-օրյա պատերազմի հետեւանքով հայտնվել են այդ կարգավիճակում: Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը բերեց պատերազմի 2020-ին, ունեցանք ծանր կորուստներ, անվտանգության լրջագույն սպառնալիքներ: Հիմա մենք տեսնում ենք նույնը, Հայաստանի ու Արցախի գլխին նոր պատերազմ է բերում Նիկոլ Փաշինյանը, մեզ զրկում է մեր բնական ու ռազմավարական դաշնակից, բարեկամ երկրների հետ հարաբերություններից: Դրանք հիմա դիվանագիտական մակարդակում թշնամանքի են վերածվում, որն անընդունելի է»:
Նա հավելեց, որ այս ընտրություններում կարեւորում են հուժկու հարված հասցնելը այդ քաղաքականությանը. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այն վստահությունը, որ հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներ հայտնում են «Մայր Հայաստանին» աարդարացնենք եւ միասնական ջանքերով հասնենք փոփոխությունների: Ես համոզված եմ, որ այս իշխանությունները որեւէ շանս չունեն առանց կեղծիքների վերարտադրվելու: Այդ ընտրակեղծիքների դեմն առնելու կարեւորագույն միջոցը մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է ընտրություններին: Ես կասկած չունեմ, որ ակտիվ պայքարի դեպքում մենք իշխանափոխության հասնելու ենք: Վստահ եմ մեր հաջողության վրա»,-ընդգծեց Թեւանյանը:











