Ռուսաստանը ոչ մի լավ բան չի տեսնում Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների՝ Անդրկովկաս ներթափանցելու փորձերում։ Այս մասին G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Հայաստանի և Միացյալ Նահանգների «Արծիվ գործընկեր 2023» զորավարժությունները։

«Իհարկե, մենք ոչ մի լավ բան չենք տեսնում նրանում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս։ Չեմ կարծում, որ սա լավ է որևէ մեկի, այդ թվում՝ Հայաստանի համար»,- ասել է նախարարը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ «որտեղ էլ հայտնվեն ամերիկացիները (նրանք հարյուրավոր բազաներ ունեն ամբողջ աշխարհում), դա ոչ մի տեղ լավի չի հանգեցնում»։

«Լավագույն դեպքում նրանք հանգիստ նստում են այնտեղ, բայց շատ հաճախ փորձում են ամեն ինչ իրենց հարմարեցնել, այդ թվում՝ քաղաքական գործընթացները»,- նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանի ղեկավարության նման գործողությունները «ափսոսանք են առաջացնում» Ռուսաստանում։