«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է իրենց դիտարկման արդյունքները:

Նրա խոսքով, արդեն քվեարկության օրը կազմակերպությունը դիտարկումներ է իրականացրել Երևանի 474 ընտրատեղամասերից 468-ում։ Արձանագրվել են կուտակումներ, քվեարկության սենյակում գտնվելու իրավունք չունեցող մարդկանց ներկայություն, քվեարկության գաղտնիության բացահայտման դեպքեր, ընտրողների ուղղորդումներ, կազմակերպված տեղափոխման, անգամ վեճերի դեպքեր և այլն։ Ընդգծվում է, որ այս ամենը, սակայն, զանգվածային բնույթ չի ունեցել։

«Նախընտրական քարոզչության ընթացքում իրավապահ համակարգին է ներկայացվել հանցագործության մասին 5 հաղորդում, այդ թվում` Տիգրանի Ավինյանի հետ կապված, երբ նա պոլիտեխնիկական համալսարանում ուսանողներին ծառայությունների խոստում էր տվել:

Խոսքն այն մասին է, որ խոստում էր տրվել, որ «Ավինյանի հետ հանդիպման գալու դեպքում ուսանողների բացակաները հարգելի կհամարվեն»։

«Անկախ դիտորդն» ընդգծում է` սա ընտրակաշառք չէ, բայց իրենց կարծիքով` Քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործություն է։

«Անկախ դիտորդը» հավաքագրել է տեղեկություններ ՔՊ-ի նախընտրական հավաքներին ու ժողովներին կազմակերպված կերպով վրչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ: Ընդ որում, նկատվել են դեպքեր, երբ  վարչական լծակներն օգտագործվել են քաղաքացիներին նախընտրական հավաքներին մասնակցելուն պարտադրելու նպատակով, սակայն դրանք չեն կրել զանգվածային բնույթ: Չեն նկատվել ընտրակաշառքի դեպքեր, բայց նկատվել են ընտրողներին ապրանքներ, իրեր տալու եւ ծառայություններ խոստանալու օերնքով արգելված առանձին դեպքեր ՔՊ-ի, «Ուժը հայրենյաց» եւ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչների կողմից»,-ասաց Իոաննիսյանը:

Խոսելով նախընտրական քարոզարշավի լուսաբանման մասին` «Անկախ դիտորդն» արձանագրել է, որ սեպտեմբերի 6-ի դրությամբ Հանրային հեռուստաընկերության լրատվական և այլ հաղորդումներում ՔՊ–ն լուսաբանվել է մոտ 2 անգամ ավելի շատ, քան անցողիկ շեմը հաղթահարած մյուս կուսակցությունները միջինում։

«Հանրայինն իրականացրել է Տիգրան Ավինյանի ինստիտուցիոնալ լուսաբանում, որը, սակայն, ևս կրել է քարոզչական բնույթ»,– ասաց Իոաննիսյանը:

Անդրադառնալով առաքելության եզրակացություններին, Իոաննիսյանը հայտարարեց, որ ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում. «Միաժամանակ հանրային հետաքրքրությունն ընտրությունների նկատմամբ բավական ցածր է, արդյունքում ավագանին ձեւավորվում է ընտրողների 28,5 տոկոսի քվեարկությամբ»:

Նրա խոսքով, Հանրային հեռուստատեսության խիստ իշխանամետ մոտեցումը պետք է դառնա հետագա քննարկումների առարկա:

«Խիստ մերժելի ենք համարում ձայնային ձեռներեցների (տասովշիկ-խմբ) ՔՊ-ի օգտին աշխատելը»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների նախնական տվյալներով Երեւանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր՝ ՔՊ-ն (32,57 տոկոս), «Ազգային առաջընթացը» (18,89 տոկոս), «Մայր Հայաստան» դաշինքը (15,43 տոկոս), «Հանրապետությունը» (11,32 տոկոս) եւ «Հանրային ձայնը» (9,68 տոկոս):

Նշենք, որ եթե ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալները չփոփոխվեն, ավագանու մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ․

«Քաղաքացիական պայմանագիր» - 24

«Ազգային առաջընթաց» - 14

«Մայր Հայաստան» - 12

«Հանրապետություն» - 8

«Հանրային ձայն»- 7

Սա նշանակում է, որ որեւէ ուժի չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել և քաղաքապետ պետք է ընտրվի կոալիցիոն կառավարմամբ։ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է կոալիցիայի «Մայր Հայաստանի» և «Ազգային առաջընթաց» կուսակցության հետ։ Նա նշել է՝ կողմ է, որ կամ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ  Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։

Հայկ Մարությանը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել հետընտրական զարգացումներին։