Պիտի արձանագրենք, որ Ադրբեջանն, ըստ էության, մեկնարկել է ԼՂ հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տարօրինակ եմ համարում Ադրբեջանի այն հայտարարությունը, թե մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը ԼՂ-ն լքելու համար: Սա էթնիկ զտումների ուղիղ գործողություն է: Եթե իրենք հայտարարում են, որ տեղի է ունենում, այսպես կոչված, հակաահաբեկչական գործողություն եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին ու քաղաքացիներին հարված չի հասցվում, այդ դեպքում հարց է ծագում՝ ինչու են իրենք հայտարարում մարդկանց ԼՂ-ից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին: Եթե նրանց ասածը իրականության հետ կապ ունենար, ընդհակառակը, պիտի հորդորեին քաղաքացիներին պատսպարվել, մնալ ապաստարաններում, դուրս չգալ այնպիսի վայրեր, որտեղ նրանք կարող են ակամա խոցվել: Այս տրամաբանությունը, որը զարգացնում է Ադրբեջանը, ակնհայտորեն ցույց է տալիս էթնիկ զտման կոնկրետ գործողության մեկնարկը»,-ընդգծեց Փաշինյանը:











