Սրանք Ադրբեջանի վերջին քայլերը չեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նախկին արտգործանախարար Կարեն Միրզոյանը։

 Նա թերահավատ է հայտարարված հրադադարի հարցում։

Նրա գնահատմամբ՝ Բաքուն պատրաստվում է շարունակել իր քաղաքականությունը, որն ուղղված է Հայաստանի վերացմանը՝ որպես գործոնի ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում։

«Արցախի իշխանությունները գնացել են նվազագույն զոհերի ճանապարհով, Արցախը մեկ օրում հայտնվել է տոտալ մեկուսացման մեջ, Արցախի ողջ տարածքը վերածվել է մարտական գործողությունների գոտու։ Արցախում ցեղասպանություն է իրականացվում։ Արցախի իշխանությունները՝ որպես իրենց ժողովրդի ճակատագրի պատասխանատուներ, պարտավոր էին դիմել որոշակի քայլերի եւ կանխել սպանությունները՝ հաշվի առնելով այն, որ հանրապետությունը դրսից օգնություն չի ստանում»,- ընդգծել է նա։

Միրզոյանը հիշեցրել է, որ երեկ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես հրաժարվեցին միջամտել տեղի ունեցողին, իսկ միջազգային հանրությունը հանդես է գալիս հայտարարություններով, սպասվում է նաեւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ, բայց այդ գործողությունները կարճ ժամանակում հազիվ թե կարողանան կանխել արցախահայության բնաջնջման սպառնալիքը։

«Ադրբեջանն օգտվում է իրավիճակից, որն առաջացել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը, ճանաչելու Փաշինյանի հայտարարության հետեւանքով։ Դա լիովին փոխել է պատկերը տարածաշրջանում, հակամարտության գոտում եւ արձակել Ալիեւի ձեռքերը»,- համոզված է նախկին նախարարը։

Նա կարծում է, որ  բոլոր հնարավորությունները դեռ սպառված չեն, հնարավորությունների պատուհանը սեղմվում է, բայց դեռ կա։

«Բայց ես կարծում եմ, որ Փաշինյանը կդիմի քայլերի, որոնք կտարբերվեն նրա որդեգրած ուղուց։ Նա հետապնդում է որոշակի քաղաքական նպատակներ եւ այդ ճանապարհին ոչ մի բանի առջեւ կանգ չի առնի։ Հայաստանի իշխանություններն իրենց անտաղանդ արտաքին եւ ներքին քաղաքականության հետեւանքով վերածվել են երեւույթի, որից ոչինչ կախված չէ անգամ Հայաստանի ներսում։ Ադրբեջանը կարող է հարկադրել տեղափոխել գործարանի կառուցումը մեկ այլ տեղ, կարող է պահանջել, որպեսզի Հայաստանում գործեն կամ չգործեն այս կամ այն օրենքները»,- ամփոփել է Միրզոյանը։