Գրանադայում հանդիպման ժամանակ նախատեսվել են քննարկումներ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման երեք սկզբունքների հիման վրա, որոնք ավելի վաղ հնչեցվել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 5-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ բոլոր երեք սկզբունքներն ամրագրված են եղել դեռ Բրյուսելի հանդիպման ժամանակ։ Խորհրդարանականը նշել է, որ խոսքը, մասնավորապես, սահմանների փոխադարձ ճանաչման մասին է՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր (Հայաստան) եւ 86 հազար 600 կիլոմետր (Ադրբեջան) շրջանակում; հաղորդակցությունների ապաշրջափակման մասին՝ այն երկրների ինքնիշխանության պահպանմամբ, որոնցով դրանք անցնում են; սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի մասին, որը պետք է անցկացվի Ալմաթիի հռչակագրի հիման վրա։
Հովհաննիսյանը հրաժարվել է մեկնաբանել հանդիպմանը չմասնակցելու Բաքվի որոշումը։ «Ես չէի ցանկանա ենթադրություններ անել։ Կարծում եմ՝ հիմա դա տեղին չէ։ Հանդիպումը նախապես ծրագրված էր։ Հայաստանը կմասնակցի այդ միջոցառմանը եւ մի շարք հանդիպումներ կանցկացնի եվրոպական մի շարք պետությունների ներկայացուցիչների հետ։ Նա կներկայացնի իր դիրքորոշումը, ինչպես նաեւ հարցերի լուծման տեսլականը՝ ակնկալելով աջակցություն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության առաջմղման հարցում»,- ասել է քաղաքական գործիչը։
Նշենք, որ «Ալմաթիի հռչակագրին համապատասխան» սահմանազատման գաղափարը Հայաստանի կառավարող կուսակցության ներկայացուցիչների կողմից հնչեցվում է ոչ առաջին անգամ։ Սակայն դա առաջ է բերում մի շարք հարցեր, քանի որ հռչակագիրը նախատեսում է ԱՊՀ անդամ երկրների տարածքային ամբողջականության ճանաչում «համապատասխան սահմանների շրջանակում»։ Քիչ է, որ դրանում որեւէ որոշակիություն չկա, չկա նաեւ հղում ԽՍՀՄ հանրապետությունների սահմաններին, դրա համար էլ սահմանազատման իրականացումը այդ փաստաթղթի հիման վրա ավելի քան խնդրահարույց կլինի։ Անցյալում արվել են սահմանազատման հայտարարություններ 1975թ. քարտեզների հիման վրա։











