Այս պահի դրությամբ Սյունիքի մարզում են գտնվում 5 հազար 257 Արցախից բռնի տեղահանված անձ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ասուլիսի ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Մարզպետն ասաց, որ նրանցից ավելի քան 4 հազարը գտնվում են ոչ թե հյուրանոցային պայմաններում, այլ վարձակալությամբ տրված բնակարաններում կամ տարբեր գյուղական բնակավայրերի սեփական տներում․
«Այս պահի դրությամբ 4 հազար 100 մարդու համար սննդի եւ հիգիենայի պարագաների առաջնային փաթեթները կամ արդեն բաժանված եմ կամ որոշ համայնքներում ընթացքի մեջ են։ Մնացած բոլոր հրատապ խնդիրները գույքագրվում են, կան համայնքներ, որ արդեն վերջացրել են, եւ ըստ առաջնահերթության փորձում ենք լուծել խնդիրները։ Դրան զուգահեռ նաեւ քննարկում ենք ձմռանը պատրաստվելու հետ կապված տարաբնույթ խնդիրներ։ Այս պահի դրությամբ 328 աշակերտ արդեն ընդունվել են մարզի տարբեր դպրոցներում, ինչպես նաեւ մանկավարժական կոլեկտիվներն են համալրվում, նաեւ բժշկական տարբեր կենտրոններ են դիմում մեր հայրենակիցները, որոնցից 9-ի գործերն արդեն ընթացքի մեջ են»։
Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ այս պահի դրությամբ ուսումնասիրվում են խոցելի խմբերի համար անհրաժեշտ աջակցության ծրագրերը․ «Ունենք տասնյակ բազմազավակ ընտանիքներ, խոսքը 7 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանքների մասին է։ Նրանք առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են։ Ինչպես նաեւ կան մի շարք այլ խմբեր, ովքեր ըստ համայնքների բաժանված են որպես առաջնահերթություն են համարվում»։











