Մի քանի տարի շարունակվող դատական վեճերից հետո սկսվել է Իռլանդիայի  գնչուների վտարումը Dale Farm (Դեյլ Ֆարմ) բնակավայրից, որը Անգլիայի հարավ-արեւելքում գտնվող Էսսեքս կոմսության տարածքում է:

Վտարման գործընթացն սկսվել է ոստիկանության հետ  բախումից հետո,  որի ընթացքում  գնչուները քարեր եւ աղբ են նետել:

Ինչպես հայտնում է BBC-ն,  դատարանը  որոշել է, որ Իռլանդիայի գնչուները այդ տարածքում ապօրինի են բնակավայրեր հիմնել, բայց բնակիչները համամիտ  չեն այս որոշմանը:

Dale Farm-ը համարվում է իռլանդական քոչվորների ամենախոշոր բնակավայրերից մեկը:

Իռլանդական քոչվորները, որ առավել հայտնի են իբրեւ «պեյվաներ» կամ իռլանդական գնչուներ, այստեղ հիմնավորվել են 1980-ական թվականներին, երբ մի քանի ընտանիքներ այստեղ հողատարածք են գնել եւ տներ կառուցել: Ժամանակի ընթացքում նրանց շրջակա  տարածքն ընդլայնվել է, ավելացել են հարազատների տները ` այն տարբերությամբ, որ վերջիններս անօրինական են կառուցվել` քաղաքային հողերի հաշվին:

Այսօրվա դրությամբ գնչուական ճամբարում ապրում է 83 ընտանիքների մոտ 1000 մարդ: