ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի Քեթչիքան քաղաքում արջուկը մտել է սուպերմարկետ: Ականատեսների խոսքով, կենդանին ներս է մտել ավտոմատ դռներով, բայց, չգիտես ինչու, ոչ ոք դա չի նկատել: Հայտնվելով խանութում, փոքրիկ արջուկը խուճապի է մատնվել եւ որոշել է թաքնվել: Նա վազել է բանջարեղենի բաժին, բարձրացել մթերքներով լի դարակների վրա եւ սկսել քայլել դրանց վրայով, հաղորդում է Lenta.ru-ն:
Արջուկին բռնել է սուպերմարկետի այցելուներից մեկը եւ դուրս տարել: Անկոչ այցելուին բաց են թողել մոտակա անտառում: Տեղի բնապահպաններն, այդուհանդերձ, մտահոգություն են հայտնել արջուկի ճակատագրի հետ կապված: Մասնագետների խոսքով, հնարավոր է, արջուկը որբ է, քանի որ սուպերմարկետի մոտ մայր արջին ոչ ոք չի հայտնաբերել:











