Հունաստանի կառավարության` բյուջետային ծախսերի կրճատման ծրագիրը հանընդհանուր գործադուլի պատճառ է դարձել, որը շարունակվում է արդեն 48 ժամ, հաղորդում է BBC-ին:
Աթենքում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունենում տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ: Քաղաքի կենտրոնում, նաեւ խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, որոնք արցունքաբեր գազ են օգտագործել: Իրավապահներին ցուցարարները պատասխանել են դյուրավեռ հեղուկի շշերով եւ քարերով:
Հիշեցնենք, որ Եվրամիությունն ու ԱՄՀ-ն համաձայնել էին Հունաստանին ֆինանսական առողջացման փաթեթ հատկացնել` բյուջետային ծախսերի արմատական կրճատման դիմաց: Հակաճգնաժամային քայլերով պայմանավորված` Հունաստանի խորհրդարանը պատրաստվում է քվերակության դնել մի քանի հազար պետական ծառայողների կրճատման վերաբերյալ օրինագիծը: Հակաճգնաժամային միջոցառումները նախատեսում են նաեւ կենսաթոշակների կրճատում, ինչպես նաեւ հարկերի ավելացում:
Բողոքները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ` որոնք ուղեկցվում են գործադուլներով ողջ երկրում եւ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում:
Գործադուլավորներին միացել են նաեւ օդանավակայանների աշխատակիցները, ինչը հանգեցրել է մոտ 150 տեղական եւ միջազգային չվերթերի խափանման: Դադարեցվել է բեռնատար եւ ուղեւորատար տրանսպորտի երթեւեկությունը, առաջին անգամ բողոքողներին միացել են փոքր խանութների սեփականատերերը:
Ներկայումս Հունաստանի պարտքը կազմում է ՀՆԱ-ի 162 տոկոսը:











