Հայտնաբերվել են լաբորատոր պայմաններով 6 սենյակներ, որտեղ պատրաստվել են թմրամիջոցներ։ Այս մասին հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
«Թերեւս բացառության կարգով, երկրում օրինականության հաստատման եւ իրավակարգի ամրապնդման համատեքստում, կանդրադառնամ միայն հանցավոր կազմակերպությունների, քրեական ենթամշակույթ կրող անձանց եւ նրանց մասնակցությամբ կատարված հանցավոր իրավախախտումների, թմրանյութերի ապօրինի շրջանառության փաստերով նախաձեռնված քրեական վարույթներով կատարված նախաքննության հիմնական արդյունքներին: 2022-2023 թվականներին Կոմիտեի ստորաբաժանումների կողմից նախաձեռնվել եւ քննություն է իրականացվել քրեական ենթամշակույթ կրող անձանց եւ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների 41 վարույթներով, որոնցից 14-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 1-ով վարույթը կարճվել է, իսկ մնացած 26-ով նախաքննությունը շարունակվում է»,- նշել է նա։
Նա ասել է, որ նույն ժամանակահատվածում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով քննվել է 4029 քրեական վարույթ, մեղադրանք է ներկայացվել 1063 անձի, 287 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը․
«Միայն ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով հայտնաբերված եւ շրջանառությունից հանված թմրամիջոցների շուկայական արժեքը գերազանցել է 400 մլն ՀՀ դրամը, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության արդյունքում ստացված հնարավոր ֆինանսական միջոցների ծավալը գերազանցել է 3 մլրդ ՀՀ դրամը: Բացահայտվել է սոցիալական ցանցերում գրանցված 49 խանութ-հարթակ, որոնցից միայն մեկով գործունեություն են ծավալել թմրանյութերի վաճառքով զբաղվող 65 տելեգրամյան ալիքներ: Նշված վարույթներով խանութ-հարթակներին եւ տելեգրամյան ալիքներին ՀՀ-ում գրանցված բաժանորդների քանակը գերազանցել է 50.000-ը»:











