Որտեղի՞ց այն կանխավարկածը, որ Ռուսաստանը փակել է, կամ փակում է, կամ փակելու է իր շուկան մեր առջեւ. մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ մեր տնտեսական հարաբերությունները կարգավորվում են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով նրան, որ օրեր շարունակ հայկական կոնյակով բեռնված բեռնատարներին թույլ չէին տալիս մուտք գործել ՌԴ տարածք, Փաշինյանն ասաց. «Վերջին 20 տարում քանի՞ անգամ է նման իրավիճակ եղել: Այդ իրավիճակը մենք 100-ավոր անգամներ ունեցել ենք:
Ամեն անգամ մենք եզրակացություններ անելու համար պետք է նրբություններին ծանոթ լինենք: ես փորձել եմ այդ հարցը հասկանալ, եւ ստացել ենք հավաստիացումներ, որ այդտեղ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա: Այդ հարցը կարգավորվել է: Իմ ուղերձը մեր տնտեսվարողներին եղել է հետեւյալը. որակի ստանդարտներին պետք է շատ լրջորեն հետեւել: Երբ մեր ապրանքները լինեն որակյալ եւ մրցունակ, բոլոր շուկաներն էլ բաց են»:











