Արցախից բռնի տեղահանված և ՀՀ մարզերում գտնվող 80 հազար մարդուց միայն 1600-ն է հարմարեցված շինություններում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Միակ տեղը, որտեղ համատարած բնակեցված են եղել, Արտաշատի սպորտդպրոցի դահլիճն է, որտեղ 104 մարդ է եղել։ Այժմ այնտեղ մնացել է մեկ ընտանիք, խնդրել են ևս 2 օր մնալ: Մնացած բոլորին տեղաբաշխել ենք», - ասաց Սանոսյանը։

Հիշեցնենք, որ Արտաշատի մարզադպրոցն այս օրերին դարձել էր հարյուրավոր արցախցիների կացարանը։  Այս մարզադահլիճում կին ու տղամարդ, մեծ ու փոքր ապրում և գիշերում էին այնտեղ՝ նույն տարածքում։