Առաջին հերթին մենք պետք է հասկանանք՝ Ադրբեջանն ինչի՞ է պատրաստ, ի՞նչ բանակցությունների է պատրաստ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Բաբայանը, նշելով, որ իրատեսական է համարում արցախահայերի վերաբնակեցումը Արցախում:
«Այն փաթեթը, որը մենք ուղարկել ենք, եթե պատրաստ է, ապա կասենք դրա մասին, այդ լիազորությունները կստանանք, կհասկանանք՝ ո՞վ է բանակցելու: Հիմա փորձել արդեն քննարկել՝ դա ճիշտ չէ:
Ամեն դեպքում, հատուկ ծրագրերի վարչության մասին, որ ես խոսում էի, այդ ծրագիրը պետք է իրականացնել՝ լինի դա վերադարձ Արցախ, թե վերաբնակեցում Հայաստանում, տարբերություն չկա»:
Հարցին, թե ինչու պետք է Ադրբեջանը բանակցի Բաբայանի հետ, եթե նույնիսկ ՀՀ-ի հետ չի ցանկանում այդ հարցով բանակցել, Բաբայանն ասաց, որ Ադրբեջանը չի ուզում ՀՀ-ի հետ քննարկի իր ներսի խնդիրը:
«Ղարաբաղի խնդիրը ինքը համարում է իր ներսի խնդիրը և քո հետ պատրաստ չի քննարկի, իսկ եթե Ղարաբաղի ժողովուրդը՝ ընտրած իր ղեկավարով քննարկում է, դա արդեն այլ խնդիր է»,- ասաց նա:
Ըստ Բաբայանի, եթե Արցախին հատուկ կարգավիճակ չտրվի՝ ինքնավար մարզի կարգավիճակ, արցախցիները հետ չեն գնա և չեն վերաբնակեցվի Արցախում:
«Արցախցիների անվտանգությունը պաշտպանելու համար տարբեր մեխանիզմներ կան, պետք չեն ոչ դրսի ուժեր, ոչ էլ այն ուժը որը մեզ այնտեղ իբր պաշտպանում էր, բայց վերջում պարզվեց, որ չի պաշտպանում: Մենք մեր ուժերվ պաշտպանելու ենք եւ մենք մեր խնդիրները լուծելու ենք»,-ասաց նա:











