Սամվել Շահրամանյանի հրամանագիրը անօրեն որոշում է, ինքը ո՞վ է, որ  պետություն լուծարի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին Արցախի նախագահի հրամանագրին:

«Դա նոնսենս է , աշխարհում այդպիսի բան չկա: Ինչ արտասովոր բան լինում է աշխարհում, դա միայն հայից է գալիս՝ պարտված ղեկավարին, ուժին, նորից ընտրել, շատ հետաքրքրիր ազգ ենք այդ առումով ու դա գալիս է նրանից, որ մենք կյանքից վախենում ենք: Դա անօրինական է, ի՞նչ է  նշանակում, որ ստորագրել է, ոչ մի բան էլ , որ չանենք, էլի անօրինական է, այստեղ ուղղակի՝ ուժ ունենք, թե՝ չունենք»,-ասաց նա:

Կարապետյանի կարծիքով Ադրբեջանի նախագահը ձեռք բերածով չի բավարարվի, նա «ամեն ինչ է ուզում»:

«Եթե տալիս ենք, ինչի չպիտի վերցնի որ: Ինքը դատարկ խոսքերի չի հավատում, ինքը ռեալպոլիտիկով շարժվում է, էդքան բան. շատ պարզ է  ամեն ինչը: Ինքը Արցախը վերցրեց, հիմա Սյունիքը միջանցքից կսկսի, թե ինչից կսկսի, ինքը մի բան կհնարի»,-ասաց նա:

Արկադի Կարապետյանը վստահ է, որ Ադրբեջանի դրոշի ներքո հնարավոր չէ ապրել, սա քաղաքակրթական-հոգեւոր պատերազմ է, քանի որ հայերն ու ադրբեջանցիները լրիվ ուրիշ ազգեր են եւ 70 տարի իրար հետ խաղաղ չեն ապրել:

«Եթե այդպես լիներ, խաղաղ կապրեինք, չէինք ուզենա դուրս գայիանք իրենց կազմից, եւ ուղենիշը Հայստանն էր, եթե Հայստանը չլիներ կմիանայինք Ռուսաստանին»,- ասաց նա: