Ինտերնետում հայտնվել են նոր կադրեր, որտեղ երեւում է Լիբիայի տապալված առաջնորդ Մուամար Քադաֆին` մահացած վիճակում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մուամար Քադաֆին մահացել է ջրատար խողովակում: Ինչպես փոխանցում է Sky News-ը,  Մուամար Քադաֆիի կողմնակիցներն օդային հարվածի արդյունքում վիրավորված Քադաֆիին  փորձել են թաքցնել բետոնե ջրատար խողովակում, որտեղ էլ գնդապետը մահացել է:

«Վզգլյադի» հաղորդմամբ`  Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն արդեն հասցրել է այդ իրադարձության կապակցությամբ շնորհավորել Լիբիայի ժողովրդին: Նա նաեւ նշել է,  որ հպարտ է Մեծ Բրիտանիայի` Քադաֆիի տապալման գործում ունեցած դերով եւ ասել, թե  լիբիական ժողովուրդը լավ ապագա կառուցելու հնարավորություն ունի:

Ըստ Reuters-ի` Քադաֆիի մարմինն արդեն դրվել է Միսուրատի քաղաքի մզկիթում` հոգեհանգստի համար: Այս տեղեկատվությունը  հաստատել է  Լիբիայի անցումային կառավարության ղեկավար Մահմուդ Ջիբրիլը: «Մենք այդ պահին վաղուց էինք սպասում»,-ասել է նա:

Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով  գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը  նշել է, որ «եթե Քադաֆիի մահը հաստատվի, դա կնշանավորի շատ լիբիացիների կյանքում ողբերգական շրջանի ավարտը»:

Լիբիայի նոր իշխանությունները հայտարարել են, թե  Քադաֆիի որդին  կենդանի է վերցվել Սիրտ քաղաքի մարտերի ժամանակ, սակայն Reuters-ը հաղորդել է, թե Մութասիմն սպանվել է:  Ինչ վերաբերում է Քադաֆիի չորրորդ որդուն` Սեյֆ ալ Իսլամին, ով համարվում էր դիկտատորի ժառանգորդը, ապա տեղեկություն կա, թե նա փորձել է ավտոշարասյուններից մեկով լքել Սիրտը, սակայն  այն շրջապատել են կառավարական ուժերը:

Հաղորդվում է նաեւ, որ Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը Քադաֆիի մահը «հրաշալի» է համարել: