Աշունը հիվանդությունների ակտիվացման շրջան է, ունենք ոչ միայն սուր շնչառական վարակներ, այլեւ կովիդ, կարմրուկ. Ես խորհուրդ եմ տալիս ռիսկի խմբի անձինք, դա մինչեւ 12 տարեկան երեխաները, 65 տարին լրացածները, խրոնիկ հիվնդություն ունեցողները անպայման այս սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն ընդունեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Գրիպի դեմ պատվաստանյութն ամեն տարի մշակվում եւ համապատասխանեցվում է տվյալ տարում շրջանառվող ամենավտանգավոր շտամներին: Այս տարի էլ հորդորում ենք օր առաջ պատվաստվել»,-ասաց նա:
Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին անվճար բուժելու խնդրին, Ավանեսյանն ասաց. «Բռնի տեղահանման ողջ գործընթացի շրջանակներում տրամադրվել է անհրաժեշտ բժշկական օգնություն հենց Կոռնիձորի անցակետից: Այսօր էլ մեր մոբիլ թիմերը շրջում են: Նախ իրականացնում են հաշվառում, կցագրում են մոտ պոլիկլինիկայում կամ ամբուլատորիայում: Ոչ միայն պոլիկլինիկաներում, այլեւ հիվանդանոցային օղակում նրանք օգտվում են պետպատվերի ամենալայն շրջանակից: Բայց հիվանդանոցային պայմաններում բուժօգնություն ստանալու համար պետք է ուղեգրման պրոցեսով անցնել»,-ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ արդեն մոտ 25 հազար քաղաքացի կցագրվել է առաջնային բուժհաստատություններում. «Մենք հրատապ կերպով հաշվռել ենք նաեւ հղի կանանց, եւ պետք է ամեն ինչ անենք նրանց ընթացիկ հսկողությունը պատշաճ կազմակերպելու, հետո նաեւ ծննդօգնությունը կազմակերպելու համար: Գիտեք, որ արդեն 50 բալիկ է ծնվել Արցախից բռնի տեղահանված մայրերից»,-ասաց Ավանեսյանը:











