Ադրբեջանը առաջին հարվածը կարող է հասցնել հենց այսպես կոչված անկլավների ուղղությամբ։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանը կարող է դեսանտ  իջեցնել այսպես կոչված անկլավներում։

«Պատահական չէ, որ Թուրքիայի հետ զորավարժությունները շուտով կանցկացվեն հենց այս սցենարով։ Փաշինյանի կողմից Գրանադայում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հերթական ճանաչումից հետո ոչ ոք լրջորեն չի արձագանքի Բաքվի նման գործողություններին՝ ի տարբերություն Սյունիք ներխուժելու փորձերի։ Վերջին հաշվով Ադրբեջանը կդատապարտվի բոլոր երկրների կողմից»,- նշել է նա։

Կիվիրյանը հիշեցրել է, որ 2018 թվականին Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախը կփրկի ժողովրդավարության ճանապարհով, իսկ Արցախն այսօր չկա.

«Եթե նա հիմա հայտարարում է, որ ժողովրդավարությունը կփրկի Հայաստանը, դա նշանակում է, որ մութ ամպեր են կուտակվել Հայաստանի գլխին։ Նրա քաղաքականությունը հանգեցրեց միայն կորուստների։ Նա երբեք չի հասկանա, որ պետությունը պաշտպանված է բանակով և հմուտ դիվանագիտությամբ, ժողովրդավարությունը երբեք չի փրկի նրան արտաքին մարտահրավերներից։

Եվրախորհրդարանում երեկվա ելույթից հետո Փաշինյանը կարող է նորից սկսել ասել, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը ոչ մի դեպքում չպետք է վերանայվի։ Նա հստակ քաղաքական գիծ չունի։ Աշխարհում ոչ ոք նրան լուրջ չի ընդունում։ Իսկ կրկեսի ծաղրածուին ծափահարում են, բայց դա չի նշանակում, որ նրա խոսքերը լուրջ են ընդունում»,- հավելել է փորձագետը։