Ես ոչ տուն եմ ուզում, ոչ տան վարձ եմ ուզում, ես իմ Արցախն եմ ուզում՝ առանց թուրքի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց արցախցի մի կին, որի 24 հոգանոց ընտանիքն այսօր առանց տուն է մնացել:

«Առաջնահերթը հայրենիքս է, որ ես պետք է իմ Արցախում ապրեմ: Հայաստանն էլ է իմ հայրենիքը, իմ հողը լիքն է Հայաստանից զոհված տղաներով, իրենց արյան գնով 1990-ականներին մենք մեր տարածքները հետ ենք բերել: Իսկ այսօր ոչ տղաները կան, ոչ տարածքները, ոչ էլ տուն ունենք: Հիմա մեր ընտանիքը ցրված է, իրար չենք կարողանում հանդիպել, տարբեր տեղեր վարձով ենք մնում: Վարձերը թանկացրել են, 250 հզար դրամ ես չեմ կարողանում տալ: Ես աշխատանք չունեմ, 250 հազար որտեղի՞ց տամ:

Իմ առաջնահերթ պահանջն է Արցախս հետ տան, առանց թուրքի: Ես էդ եմ ուզում: Իմ Արցախը թե վաճառել են, թե նվիրել են, թե ծախել են, թող հետ տան: Ես պահանջում եմ թե Հայաստանի, թե Արցախի ղեկավարությունից, խտրականություն չեմ դնում: Ինչ արել են, երկուսով են արել: Արցախը հայաթափած ղեկավարությանը ես համարում եմ դավաճան, թե Հայաստանի, թե Արցախի ղեկավարները: Սա դավաճանության արդյունք է, բա եթե դավաճանություն չէ, ինչո՞ւ ենք մենք մնացել առանց հայրենիք:

Ինձ թող Արցախը տան, ոչ վարձ տան, ոչ էլ տուն տան: Իսկ եթե չեն կարողանում, թող ինձ տնով բավարարեն»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: