Ես չպիտի գամ ստեղ բողոքի ցույց անեմ. իրենք պիտի գան ինձ ման գան. դուրս ենք մնացել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախից տեղահանված մի տղամարդ:

«Մեր իշխանությունը երբեք էլ մեզ համար ոչինչ չի արել, իրենք իրենց համար են արել։ Ու հիմիկվա մասին չէ խոսքը, 88 թվից նույնն է։

Ես Հայաստանի ժողովրդից շատ գոհ եմ, բայց իշխանությունից բացարձակ գոհ չեմ, զրո։ Գումար ստանալը հարցի լուծում չի: Գումարը ե՞րբ եմ ստացել։ Գումարը 20 օր հետո եմ ստացել, բայց մինչև էդ 20 օրը ես ու թոռներս օրը 3 անգամ ուտում ենք, չէ՞։ Ես դրսում եմ ապրում, մեքենայի մեջ եմ ապրում։ Ամեն ինչ էլ շատ լավ հասկանում ենք, շատ լավ։ Թե գիտեք Ղարաբաղից ենք եկել, ոչ մի բան չենք հասկանում, լավ էլ հասկանում ենք»,- ասաց նա։

Հարցին, թե չի՞ պատրաստվում բողոքի ակցիա անել կառավարության շենքի մոտ, նա արձագանքեց. «Ես դեռ ԼՂՀ քաղաքացի եմ, դրա համար եկել եմ այստեղ, տեսնեմ՝ ինչ են որոշում: Բոլորն էստեղ տուն ունեն, թող վերցնեն զոհվածների ընտանիքներին տան: Ես չեմ ուզում, ես իմ 5 երեխաների հետ չեմ ուզում: Թող Արցախի ներկայացուցչության շենքն էլ տան էդ մարդկանց»: