Արցախցիների 30 տոկոսն ավտոների մեջ են քնում, տեղ չունեն քնելու, Հայաստանի իշխանությունը թեկուզ հարցը լուծում է, բա իրա՞նք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Արցախի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց բռնի տեղահանված մի արցախցի:

«Իրենք էլ իրեն հյուրանոցներում, իրենց տներում, իրենց դղյակներո՞ւմ»,-ասաց նա:

Խոսելով Արցախի նախգահ Սամվել Շահրմանյանի մասին, արցախցին ասաց. «Մեզ պետք չի մանեկեն ղեկավարություն: Որպես ի՞նչ ինքը նախագահ լինի, եթե չի կարողանալու հարց լուծի, Հայաստանի ղեկավարությունն է լուծելու: Հարց լուծելով նկատի ունեմ մարդկանց ապահովի: Մարդկանց 30 տոկոսը ավտոների մեջ են քնում»:

Հարցին՝ գո՞հ եք Հայաստանի իշխանությունից, երիտասարդը պատասխանեց. «Ես այնքան գոհ եմ, որ բոլորիս ընդունել են, չեն ասել՝ գնացեք, ինչ ուզում եք արեք, կոտորվեցեք, ես ձեզ չեմ ընդունում: Ես այնքան ուրախ եմ այս ղեկավարությունից, որ մեզ ամեն ձեւով ընդունել են, ամեն ձեւի հարգել են, ոնց պետք է՝ արել են:

Ո՞ւր են գեներալները, ինչու այստեղ չեն: Ես հատ-հատ անուններ չեմ տալիս, իրենք լավ գիտեն, ովքեր պետք է լինեն այստեղ: Թեկուզ կռվի ժամանակ խի՞ չի մի գեներալ եղել կողքս կանգնած: Տարան ջահել տղերքին կոտորեցին, թեկուզ 44-օրյա պատերազմում, թեկուս սեպտեմբերի 19-ին: Իրենք շուտ իրենց վեշերը հավաքել են ու եկել էստեղ: Իրենց կանանց շուտ ուղարկել են, մեզ էլ վերջին օրով ասել՝ մի նասկի հագեք, հելեք, գնացեք, Հայաստանն ընդունելու է»,-ասաց նա:

Երիտասարդը նշեց, որ ապրում է բարեկամի տանը. «Որտեղից պետությունը տուն տա, իմ եղբայրը ամսի 19-ին զոհվել է, հերս 1992-ին է զոհվել, ես էլ եկել անտերի պես ապրում եմ էստեղ»: Նա նաեւ նշեց, որ Հայաստան մուտք գործելու ժամանակ իրենց կացարան չի առաջարկվել:

Հարցին՝ այդ դեպքում ինչու եք գոհ Հայաստանի իշխանությունից, նա պատասխանեց. «Գոհ եմ, որ ընդունել են, որ այստեղ ազատ կարողանում եմ կանգնել: Կարող էր դա էլ չանել: Ո՞վ ես դու, պարտված պետություն ես, ով ես, որ եկել ես էստեղ: Հիմա սրում են իշխանության վրա: Իրենք իմացել են, որ հեսա գալու ենք, հելնենք իշխանություն փոխենք: Չէ, տենց բան չկա, իշխանություն փոխել չկա: Հլա դեռ մեր ղեկավարությանը պետք ա խախալիզացիա անենք, հետո տեսնենք՝ ով է մեղավորը, նրան փոխենք»: