Կարծում եմ՝ Բրյուսելում հանդիպման չկայանալու պատճառը տեխնիկական է, ինչպես նաեւ ենթադրում եմ, որ վայրի հետ կապված ադրբեջանական կողմը միգուցե ինչ-որ մտավախություններ ունի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով NEWS.am-ի հարցին, թե ինչու է չեղարկվել այս ամսվա վերջին Բրյուսելում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը:
Ալեն Սիմոնյանը նկատեց, որ հանդիպման կոնկրետ օր նշանակված չի եղել, միայն նշվել է ժամանակահարտավ՝ հոկտեմբերի վերջին:
ԱԺ նախագահը չհամաձայնեց, որ բանակցային գործընթացը հայտնվել է փակուղում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել էր ժամանակի սղությամբ:
Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա. Տոյվո Կլաար











