«Հայկական ժամանակ»  թերթի գլխավոր խմբագիր, Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին կալանավորելու եւ ազատ արձակելու հավանականությունը գնահատում է 50/50, սակայն, նրա խոսքով, եթե մենք լինեինք իրավական երկրում, 100 տոկոս հավանականություն կլիներ, որ խափանման միջոցը կալանք ընտրելու միջնորդությունը կմերժվի: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առաջ բողոքի ակցիային մասնակցող Նիկոլ Փաշինյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Վարդգես Գասպարին ոչ միայն որեւէ հանցանք չի գործել, այլեւ քննությանը չի խոչընդոտի եւ որեւէ խնդիր չի ստեղծի նախաքննության համար, եթե այդ նախաքննությունը ընդհանրապես պիտի ընթանա:

«Եթե մենք լինեինք իրավական երկրում, ես կկանխատեսեի, որ մի քանի րոպեից Վարդգես Գասպարին կլինի այստեղ, բայց քանի որ իրավական երկրում չենք, դատարանի որոշումը կախված է նրանից, թե ինչ հրահանգ կիջեցնի քաղաքական իշխանությունը: Ես կարծում եմ, որ Ալիկ Սարգսյանը անձնական վրեժ է լուծում Վարդգես Գասպարիից իր քաղաքացիական խիզախության եւ դիրքորոշման համար»,- նշեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ  Հայաստանի ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին ձերբակալելու մասին որոշում են կայացրել: Գասպարին կասկածվում է խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ՝ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի առաջին մասին եւ 316 հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Այս պահին Երեւանի Կենտրոն եւ Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեռ քննում է Վարդգես Գասպարիին կալանավորելու միջնորդությունը, իսկ դատարանի առաջ մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում: