Բազմիցս ասվել է, որ այդ երեք կետի շուրջ կա համաձայնություն և՛ միջազգային հանրության, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից, գոնե, ձևական համաձայնություն կա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին, ըստ որի, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի 3 սկզբունքները համաձայնվեցվել են:

«Մենք ուզում ենք համոզվել, որ այդ համաձայնությունը Ադրբեջանի կողմից ոչ թե ձևական է, այլ հենց բովանդակային համաձայնություն է և իրական է, որովհետև արդեն երկրորդ հանդիպումը տեղի չի ունենում այդ հարցերը խորացնելու և բազմակողմանի քննարկելու համար»,- ասաց նա և իր մտավախությունը հայտնեց. «Միջազգային հանրության մոտ կարող են ասել՝ այո՛, շատ լավ սկզբունքներ են, մենք համաձայն ենք, իհարկե, որովհետև այլ բան էլ շատ դժվար է լինելու ասել, բայց իրականում գործնական քայլեր չանեն, որ այդ սկզբունքները կյանքի կոչվեն»:

Խաչատրյանը նաև նկատեց՝ պարզ չէ, թե Ադրբեջանը գործնական ինչ քայլեր կձեռնարկի այդ համաձայնությունները կյանքի կոչելու համար:

«Այս պահի դրությամբ ինչ-որ հապաղումներ ենք տեսնում, ինչը լավ չէ»,- ասաց նա:

Պատգամավորը նաև նկատեց՝ սկզբունքները, ճիշտ է, համաձայնեցվել են, բայց բանակցությունները, որոնք պետք է տեղի ունենան, և որի շրջանակում պետք է ամրագրվի համաձայնությունը, դեռ չի կայացել:

«Սկզբունքները մեկ անգամ համաձայնեցվել են, և Ադրբեջանի կողմից այդ դիրքորոշումը եղել է, որ համաձայն ենք, բայց արդեն բանակցային այլ պրոցեսներում, երբ դրանք պետք է հաստատվեն համապատասխան ստորագրություններով և երաշխավորների միջոցով, դա դեռևս տեղի չի ունեցել:

Կարծում եմ՝ դա պետք է տեղի ունենա: Ամեն դեպքում, ամիսների, օրերի, շաբաթների հարց է»,- ասաց Արմեն Խաչատրյանը, հիշեցրեց, որ շաբաթվա վերջ պետք է լիներ հանդիպում, բայց հետաձգվեց, ապա հավելեց. «Նշանակում է, որ այս պահի դրությամբ չի ուզում հանդիպում, բայց այնպես չէ, որ այս աշխարհում աշխարհաքաղաքական բոլոր պրոցեսներն Ալիևն է կառավարում: Կգա ժամանակը, և ես կարծում եմ՝ այդ բանակցությունները տեղի կունենան: Խաղաղությունը երկընտրանք չունի»: