Հայ-ադրբեջանական կարգավորման բանակցային գործընթացում բավականին առաջընթաց կա, և Ադրբեջանը համաձայնել է մի շարք սկզբունքների հետ, որոնց հետ նախկինում համաձայն չէր։  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Ամենավատ բանն այն է, երբ բանակցությունները ընդհանրապես տեղի չեն ունենում։ Այսօր բանակցային գործընթացում բավականին մեծ առաջընթաց կա, Ադրբեջանը մի շարք սկզբունքների հետ համաձայն է։ Նախկինում այդ համաձայնություններն էլ չէին լինում։

Մեծ քայլ արդեն եղել է՝ նա համաձայնվում է, միջազգային հանրությունը կարողանում է որոշակի ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա։ Այդ ճնշումները որոշակի առումով տեղ են հասնում, կյանքի են կոչվում։ Իմ կարծիքով՝ այս ձնագունդը գնալով ավելի է մեծանալու, և խաղաղության պայմանագիրը կնքվելու է Ադրբեջանի մասնակցությամբ»,- նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիր նշանակում է երաշխիք, որ մեկը մյուսի հետ որևէ խնդիր չունի, որը կարող է բերել ուժի կիրառման։

«Խաղաղության պայմանագիր կնքելուց հետո, թե ինչ հարաբերություններ կձևավորվեն ժողովուրդների միջև, ինչ տնտեսական հարցեր կսկսեն լուծվել, դա արդեն երկրորդական հարց է»,- եզրափակեց Խաչատրյանը։